Ովքե՞ր են թաքնված ոստիկանության համազգեստների ու բերետների տակ

Վերջին երկու օրերին ոստիկանության գործողությունները դարձել են ագրեսիվ, անմարդկային: «Հրապարակը» գրում է, որ թեեւ շարժման սկզբից էլ կային ոստիկաններ, որոնք կարծես պատրաստ էին հրաման ունենալու դեպքում ուղղակին հոշոտել ցանկացած ցուցարարի: Նրանց գործությունները հաճախ համեմատում են թուրք թշնամու գործողությունների հետ։

Դրա համար կան ռեալ նմանություններ. մի քանի հոգով ստորացնել քաղաքացուն, ֆիզիկական ցավ ու վնասվածք պատճառել, տապալել գետնին, քարշ տալ եւ այլն: Որոշ կադրերում ոստիկանն անգամ խեղդում է ցուցարարին, տարեց կնոջ թեւն են կոտրում, կանանց ու աղջիկներին են քաշքշում եւ այլն:

Փաշինյանի իշխանության գալուց ի վեր օդում լուրեր են շրջանառվում, որ 2018 թվականին ցուցարարներին հսկում էին մի քանի հարյուրի հասնող պրոֆեսիոնալ «մարտիկներ», ովքեր եկել են արտերկրից եւ քաղաքացիական համազգեստով եղել են ցուցարարների մեջ: Ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժ կիրառելու դեպքում նրանք զենք կկիրառեին:

Ու, ըստ այդ լուրերի, մինչ օրս նրանցից ոմանք դեռեւս Հայաստանում են, ապահովում են Փաշինյանի անվտանգությունը եւ վարձատրվում են բավականին շռայլ: Ոստիկանության վերջին օրերի անմարդկային վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ խիստ կասկածի տեղիք է տալիս. արդյոք նրանք իսկապե՞ս միայն ոստիկաններ են:

Ըստ ամենայնի, նրանց շարքերում կան նաեւ իշխանությունների սրտի գործարարների անվտանգության աշխատակիցներ` թիկնապահներ, փողի դիմաց «քիլլերության» դուրս եկած տղամարդիկ:  Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունեն նաեւ աստղաբաշխական պարգեւավճարները, որոնք տրվում են ոստիկանության աշխատողներին:

Դրանից ոստիկանության շատ աշխատակիցներ նմանվում են նոր կերակրված գազանների, որոնք սնվելուց հետո ավելի են ուժեղանում ու կատարում կերակրողի ցանկացած հրահանգը: Ոմանք էլ կարծում են, թե հատկապես գազազած ոստիկանները դոպինգի տակ են, ինչ որ խթանիչներ են օգտագործում: Լրատվամիջոցները եւ շարքային քաղաքացիները պետք է հնարավորինս շատ ֆիքսեն ոստիկանների ու բերետավորների դեմքերը, իշխանության հեռացումից հետո նրանց անձը բացահայտելու համար.արդյո՞ք նրանք իսկապես հայեր են, Հայաստանի քաղաքացիներ, ոստիկաններ: