Ինչ եղան Դեբեդն ընկած փոքրիկն ու նրա հանցագործ մայրը

Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում տեղի էր ունեցել սահմռկեցուցիչ դեպք։ Ալավերդու բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը Դեբեդ գետում նկատել էր երեխայի և դուրս բերել գետից։ Երեխային տեղափոխել էին Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր, գրում է «Հրապարակը»։

Պարզվել էր, որ մայրն է երեխային նետել ջուրը, ապա խոստովանել է քննիչներին, որ ուզեցել է ազատվել երեխայից։ Այնուհետև, մարզային ԲԿ-ների բժիշկները՝ քննարկումներից հետո որոշել էին երեխային տեղափոխել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ախտորոշումից հետո պարզվել էր, որ փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Երեխան հրաշքով փրկվեց։ Երեկ մենք փորձեցինք տեղեկանալ, թե ինչպես է փոքրիկի առողջությունը եւ ինչ է սպասվում նրան։

«Դեբեդ գետից դուրս բերված երկամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների ջանքերի շնորհիվ լիարժեք ապաքինվել է։ Երեխայի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններն այլևս չկան։ Առողջական տեսանկյունից որևէ խնդիր չկա և երեխան պատրաստ է հիվանդանոցից դուրս գրման։ Այս պահին պատկան մարմինները, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որպեսզի երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն»,- Hraparak.am-ին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո խոսնակ Գևորգ Դերձյանը։

Դերձյանից հետաքրքրվեցինք նաև՝ երեխային փրկած երիտասարդն այցելու՞մ է արդյոք փոքրիկին, վերջինս ասաց՝ որ 1-2 այց եղել է, ինքը ստույգ չգիտի, չի տեսել երիտասարդին։ Եւ նշեց, որ երեխային հիմնականում այցելում է հայրը, ով և պատրաստակամություն է հայտնել երեխայի խնամքը վերցնել իր վրա և տանել տուն։

«Փոքրիկն ունենում է շատ այցելուներ և ստանում բազմաթիվ նվերներ։ Այս մեկ ամսվա ընթացքում Արևը կապվել է մեր բոլոր աշխատակիցների հետ։ Նրանց հետ խաղում է, ժպտում Է և ուրախանում»,- ասաց Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ոստիկանությունը հաղորդում տարածեց, որ բերման է ենթարկվել մանկահասակ երեխայի մայրը։ Վերջինս հաղորդում էր տվել, որ ապրիլի 25-ին ժամը 17։10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը: Դեպքի առթիվ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սպանության փորձ։

«2 տարեկան երեխային Դեբեդ գետը նետելու գործով երեխայի մայրը երկու ամսով կալանավորվել է»,- Hraparak.am-ի հետ զրույցում, ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։