Ինչ-որ մեկը ձեզ խաբել է, թե 30 տարի թալանել են, բայց այդ 30 տարում 2 պատերազմ ենք հաղթել… հիմա լավ եք ապրո՞ւմ

Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր խոսքն ուղղեց այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն միացել պայքարին։

«Մենք բոլորս մի ճակատագիր ենք կիսում, մի ցավ ունենք՝ մեր երկրի ապագայի ցավը։ Մենք մի ճակատագիր ենք կիսում, բայց ինչ-որ մեկը ձեզ սովորեցրել է մեզ ատել, խաբել, ասել է, թե 30 տարի թալանել են։ Բայց այդ 30 տարի «թալանելու» ընթացքում երկու պատերազմ ենք հաղթել։

Խաբել, ասել է, թե ձեզ 30 տարի թալանել են, բայց այդ 30 տարվա ընթացքում 3 անգամ միջին կենսաթոշակ է աճել։ 3 000 դրամով չի աճել, 3 անգամ է աճել։ Միջին աշխատավարձն է 3 անգամ աճել։

Ու ես հիմա այն մարդկանց, ովքեր մեր կողքին դեռ կանգնած չեն, ուզում եմ հարցնել՝ դու լա՞վ ես ապրում»,- հարց հնչեցրեց Հայկ Մամիջանյանը։

Նա խնդրեց նաև մի պահ նայել քարտեզին, տեսնել՝ ինչպիսի՞նն են այսօր Արցախն ու Հայաստանը։

«Շուշին մե՞րն է։ Հադրութը մե՞րն է հիմա։ Այստեղ հավաքված մարդիկ ասում են, որ մերն է, բայց քո քարտեզով մերը չէ։ Քո քարտեզով Սյունիքում ու Գեղարքունիքում թուրքն է նստած։

Լավ, քարտեզն էլ մի կողմ դիր, մի պահ աչքերդ փակիր, բակի ընկերներիդ հիշիր, բարեկամներիդ, եղբայրներիդ, դասարանցիներիդ։ Քանի՞սը չկան, քանիսի՞ն սպանեց ․․․ Ու այդքանից հետո դու լա՞վ ես ապրում»,- խոսքը շարունակեց Հայկ Մամիջանյանը։

Նա նաև հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս է հնարավոր լավ ապրել, եթե երկրի առողջապահության նախարարն իրավաբան է, պաշտպանության նախարարը՝ պատմաբան, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ պատերազմ ունեցող երկրում չկա։

«Վերջին 14 տարվա մեջ քո մայրաքաղաքում այդպիսի բան չի եղել, որ 400-ից ավելի քո հայրենակիցներին բռնեն, տանեն քաղմաս՝ ուղղակի հայրենասեր լինելու համար։ Ախր այդ ոստիկանների «պրեմիան» ես ու դու ենք տվել»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նաև ոստիկանության գործողություններին։

«Այսօր, ըստ իմ տեղեկությունների, ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար։ Դա ես ու դու ենք տվել՝ մեր հարկերից»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մամիջանյանը նաև հիշեցրեց՝ ժամանակին ինքն ասել էր, որ Փաշինյանն իր աթոռը հայրենիքից շատ է սիրում։

«Ապացուցեմ․ սահմանին կանգնած պայմանագրային զինվորը հիմա ստանում է ավելի քիչ, քան Փաշինյանի իշխանությունը պահող ոստիկանների մեծ մասը»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև քաղաքացիների այն գնահատականներին, թե հրապարակ չեն գալիս, քանի որ այնտեղ գտնվող այս կամ այն քաղաքական գործիչն իրենց դուր չի գալիս։

«Մեր կողքին մի՛ կանգնիր։ Արի՛ կանգնիր Արթուր Ասոյանի կողքին, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ նրան երեկ բերման են ենթարկել։ Արի՛, կանգնիր Ջուլիետա տատիկի կողքին, ում թևն այսօր ոստիկանը կոտրեց, որովհետև Ջուլիետա տատիկը տեսավ, որ ջահել տղերքին ծեծում են ու չդիմացավ, սկսեց պաշտպանել։

Մի՞թե քեզ այնքան ատելություն են ներշնչել մարդկանց նկատմամբ, որ դա ավելի շատ է, քան հայրենասիրությունը։

Մի՞թե ինչ-որ մարդկանց դու ավելի շատ ես ատում, քան սիրում ես քո հայրենիքը։ Ես դրան չեմ հավատում, այդպես չի կարող լինել»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը նշեց ևս երկու կարևոր պատճառ, թե ինչու է պետք միանալ պայքարին։

«Գիտե՞ս՝ ինչի համար եմ խնդրում, որ գաս Ֆրանսիայի հրապարակ․ որովհետև ուզում եմ, որ երբ ինչ-որ մի օտար քեզ ասի՝ պատերազմում պարտվել ես, դու կարողանաս ասել՝ ես չեմ պարտվել, պետությունս էլ չի պարտվել։ Նիկոլն է պարտվել, ու մենք դրա համար նրան «ռադ» ենք արել։

Մեկ էլ որ գաս, մի շատ կարևոր բան կլինի․ հետագայում, այս մղձավանջից հետո ով էլ երկիրը կառավարի, միշտ կիմանա, որ իշխանությունը ժողովրդինն է»,- խոսքն ամփոփեց Հայկ Մամիջանյանը։