Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 32-ամյա վարորդը իր ծննդյան օրը բախվել է արգելապատնեշներին, նրա մասնատված դին դուրս են բերել փրկարարները. Լուսանկարներ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Տեղում պարզվել է, որ վարորդը Իջևան քաղաքի բնակիչ՝ 32 ամյա Ալբերտ Առաքելյան էր։ Նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 ՀՓՋ-ի հրշեջ փրկարարները։