Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում… ինչ է կատարվում քաղաքում. Լուսանկարներ

Մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։ Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։

Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։ Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Սիգարոն» ընկերության աշխատակիցները, ովքեր նաև հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից երկուսին։