«Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց»… Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը կալանավորվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը կալանավորվեց։ Այդ մասին հայտնում է նրա փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Հերթական ապօրինի որոշումը՝ կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը», — նշել է նա։

Փաստաբանը նաև Տարոն Մանուկյանի կոչն է հրապարակել.

«Ես՝ Տարոն Գեղամի Մանուկյանս, բազմիցս հայտարարել և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։

Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր՝ ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք , չլռե՛ք և հավատը չկորցնե՛ք։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որտեղ էլ, որ լինենք։ Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք… մենք պարքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։

Կա՛մ մահ, կա՛մ ազատություն!»։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երեքի ինքնությունը. նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է:

Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: