Նոր զարգացումներ հղի կնոջ մահվան ելքով վրաերթի գործով

Դատախազությունը պահանջում է Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացնել և մեղադրանք առաջադրել նաև դեպքի վայրը լքելու համար:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների հատվածում: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, ապա, ըստ, ականատես վկաների՝ անգամ չի կանգնեցրել մեքենան՝ հեռանալով դեպքի վայրից: ՔԿ-ն, սակայն, ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ 2022թ. մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու մասին:

«Քննիչին ցուցում է տրվել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ, այդ թվում նաև՝ մեղադրյալին առաջադրված մեղադրանքը լրացնել՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Դատախազի գրավոր ցուցումների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է առարկություն, որը վերադաս դատախազի կողմից մերժվել է: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին դատախազությունից:

Այլ խոսքով՝ ՔԿ-ն պարտավոր է լրացնել Արամ Նավասարդյանի մեղադրանքը և մեղադրանք առաջադրել նաև դեպքի վայրը լքելու հատկանիշներով:

Նշենք, որ քրեական գործով 2022թ. ապրիլի 26-ին որոշում է կայացվել Սոնա Մնացականյանին տուժող ճանաչելու մասին: ‎

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ Ավելի ուշ նաեւ ՔԿ-ն էր պաշտոնապես հաստատել, որ վրաերթից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը դեպքի վայր է վերադարձել ժամը 20:05-ին՝ այսինքն՝ դեպքից մոտ երկու ժամ հետո, երբ այդ մասին արդեն հայտնի էր դարձել մամուլին, ու մասնակցել կատարվող քննչական գործողություններին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձերբակալվել է վաշտի հրամանատարը։ Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, Արամ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով մեղադրանք չի առաջադրվել: Արման Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: