Բաքուն ասում է այն, ինչ, ցավոք սրտի, ասում են Հայաստանի իշխանությունները. Վանեցյան

Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են, այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է APA-ն։

Նրա խոսքով՝ այս մարդիկ երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ։

«Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման։ Իհարկե, մենք հետևում ենք այս գործընթացներին։ Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից», — ասել է Բայրամովը։

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է այն, ինչի մասին մշտապես խոսում են Հայաստանի իշխանությունները, այն է՝ ընդդիմությունը երկիրը տանում է դեպի անդունդ։

«Մենք ինչ ենք ասում՝ ասում ենք, որ միակողմանի զիջումների չենք գնալու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չենք թողնելու, որ խախտվի, մենք չենք թողնելու, որ Արցախի ժողովուրդը լինի վտանգված, մենք չենք թողնելու, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պարզ է, որ Բաքուն նման բան պիտի ասեր, նույնն ասում են, ցավոք սրտի, մեր իշխանությունները», — լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Նա ասաց, թե այս փուլում մեծ տարբերություն չի տեսնում Բաքվի իշխանությունների ու Հայաստանի իշխանությունների խոսքերի մեջ։

Ընդդիմությունը խաղաղության օրակարգի կողմնակից է. ԱԱԾ նախկին տնօրենը վստահենցրեց՝ անպայման բերելու են խաղաղություն, որը բխելու է Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից։