Պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու… Ինչո՞ւ է Սիրուշոն ծծնդաբերում արտերկրում

Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում»:

Սա երբեք չեմ հասկացել: Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ։

Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել: Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա։

Հ.Գ. հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ:

Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է:
Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ: