Պարզվել է վրանում մահացած տղամարդու ինքնությունը… Մանրամասներ

Քիչ առաջ լուր տարածվեց, որ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից, շտապօգնության մեքենայով, թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով:

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը և Արամ Վարդևանյանը տեղյակ չէին նման դեպքի մասին: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքացուն հիվանդանոց տեղափոխել են վրանից․ «Գուցե այլ վայրում է վատացել, բերել են մոտ, չեմ կարող հստակ ասել»: «Հրապարակը» տեղեկացավ նաև, որ մահացած քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արթուր Սեդրակյանն է:

Ոստիկանության մեր աղբյուրները հավաստիացրին, որ մահացած տղամարդու վրա ասեղի կամ թմրանյութի հետքեր չկային, այս պահին հնարավոր չէ ասել, թե մահը վրա է հասել թմրանյութի օգտագործման հետևանքով, թե ոչ։

Նման եզրակացություն կարելի է անել միայն դատաբժշկական փորձաքննություն անելուց հետո։ Ամեն դեպքում՝ արտաքին հետքեր չեն եղել։