Ցուցարարներն ԱԳՆ-ի մոտ ճեղքեցին ոստիկանության շղթան… Արցախի դրոշը տեղադրվեց ԱԳՆ շենքում

ՀՀ ԱԳՆ-ի մոտ կենտրոնացած ոստիկանական մեծաթիվ ուժերի հետ երկար բանակցություններից հետո ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը ներս տարավ Արցախի դրոշը՝ այն հենց Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքում տեղադրելու համար։

«Ես մտնում եմ ներս, Արցախի դրոշը տեղադրում եմ շենքում։ Մեր առաջ որևէ փակ դուռ չկա»,- դիմելով քայլերթի մասնակիցներին՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Քայլերթի մասնակիցները ծափահարություններով ու «Արցախ» վանկարկումներով ողջունեցին նրան։

Դրոշը ՀՀ ԱԳՆ-ում տեղադրելուց հետո Իշխան Սաղաթելյանը միացավ քայլերթի մասնակիցներին։

«Այս շենքում նստած յուրաքանչյուր դիվանագետ պետք է պայքարի բացառապես Արցախի անկախ ինքնորոշման համար։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Արցախի դրոշը այսպես տեղադրելով գնալու ենք, որ այս շենքում նստած նախարարից սկսած՝ բոլորն իմանան․ իրենց ժամանակը սպառված է։ Նրանց, ովքեր չեն պաշտպանում Արցախի շահերը, պետք է «ռադ անենք»»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։