Առավոտվանից՝ 08։15-ից, սկսում ենք անհնազանդության ակցիաները․ պետք է փակենք նաև մարզային ճանապարհները․ Իշխան Սաղաթելյան

Մնում ենք հրապարակում։ Այս հրապարակը ժողովրդի իշխանությունն է, և այստեղից են որոշվելու Հայաստանի Հանրապետության խնդիրները։ Նիկոլն այլևս իշխանություն չունի, Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը։

Նա հրապարակեց նաև պայքարի դուրս եկած ուժերի և քաղաքացիների վաղվա գործողությունները։

«Վաղն առավոտվանից, 08։15-ից, կրկին սկսում ենք անհնազանդության ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը։ Մեր մնացած մյուս հայրենակիցներին, ժամը 08։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում։ Այստեղից կձևավորենք խմբեր և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,- ասաց նա։

Այն քաղաքացիները, որոնք արդեն կազմակերպված են, ձևավորել են խմբեր, ինչպես նշեց ընդդիմադիր գործիչը, ինքնուրույն որոշելու են համապատասպխան փողոցներն ու խաչմերուկները, ինքնակազմակերպված գնալու են այնտեղ, իսկ այն քաղաքացիները, որոնք դեռ ձևավորված խմբեր չունեն, 08։30-ից սկսած՝ լինելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ էլ ձևավորվելու են նոր խմբեր և ուղղություններ։

Մյուս այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են գործող իշխանության հեռացումը, սակայն ամբողջ օրը չէ, որ հրապարակում են, Իշխան Սաղաթելյանն առաջարկեց վաղն իրենց մեքենաները վարել առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասել, նոր շարժվել։

«Սա նկատիի ունենան նաև այն վարորդները, ովքեր պատրաստ են միանալ այս պայքարին։ Սրանով ևս քաղաքը կպարալիզացնենք»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ վաղը պետք է փակվեն նաև մարզային ճանապարհները։

«Վաղը պետք է փակենք նաև մարզային ճանապարհները։ Կոչ եմ անում մեր մարզերում գտնվող հայրենակիցներին՝ վաղն առավոտից միաժամանակ փակել բոլոր մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում։

Միաժամանակ ակցիաներ, քայլեր ու գործողություններ տեղի կունենան։

Ամեն ինչ ծրագրավորված, հստակ գնում է առաջ։ Ժողովրդի պայքարն անկասելի է, այս պայքարի վերջը հաղթանակն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։