Լսեցի` արագավազ դաշնակը բեմից դիմեց… ՔՊ-ականները պատասխանում են Իշխան Սաղաթելյանին

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ասաց․ «Դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեզանից մեծամասնությունը իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի այդ բոլոր հանցնանքերի և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս ձեր սխալը ուղղելու և կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու, հասկացեք ու առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որշոշում կայացրեք»։

Ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավորները հայտարարեցին.

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան. «Ախր գալու եք Ազգային ժողով, ախր ձեր էսօրվա հայտարարությունների համար հատ-հատ պատասխան եք տալու, ախր երես պիտի ունենաք էդ ժամանակ: Թե չէ ձեր կողմից ավտոբուսներով բերած մարդկանց առաջ ձեզ լավ եք զգում, գիտեք մենք մոռանալո՞ւ ենք ձեր ասածները»:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան. «Ի պատասխան Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին, իմ անունից հայտնում եմ, որ դատապարտում եմ Հայաստանի տարբեր ջրավազաններ թափոններ, թունավոր քիմիկատներ և թմրադեղեր լցնելու բոլոր դեպքերը։ Սիրելի քաղաքացիներ, մտածեք ձկների և առհասարակ շրջակա միջավայրի առողջության մասին։ Հայաստանի Օլիմպիական կոմիտեին էլ իր հերթին կոչ եմ անում վերջիվերջո լրջորեն դիտարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականում՝ որպես 100 մետր սպրինտի վազորդ։ Կարծում եմ՝ դրանով կօգնեք նրան վերջապես գտնել իր տեղը աշխատաշուկայում»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան.. «Լսեցի` արագավազ դաշնակը բեմից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը եւ ինչ-որ վերջին հնարավորության մասին խոսեց։ Արձանագրենք, որ Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար, եւ այդ կապակցությամբ կառաջարկեմ Իշխանին իր խմբակի հետ ներկայանալ մայիսի 3-ի ԱԺ նիստին եւ առանց ձայնի ու ձեռքերի դողի նույնը կրկնի` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աչքերին նայելով` որպես վերջին հնարավորություն»։