Հոգևորականները ներկա են լինելու հանրահավաքին

Ի պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Եսայի քահանա Արթենյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:

«Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը՝ հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար», — գրել է նա։