Ուշադրություն… Օգոստոսի 1-ից ստուգում չանցած գազաբալոններով մեքենաները չեն լիցքավորի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների գազաբալոնային սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ, իսկ որոշների համար թույլատրվում է 3 տարին մեկ ստուգել:

«Կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն, հետո նաև՝ ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այս ստուգման արդյունքները մուտք են արվում: Շտեմարանը ղեկավարելու է մեր նախարարությունը, բայց մի շարք գործընկերների տրվելու է թույլտվություն այդ համակարգից օգտվելու, մասնավորապես, գազալցակայաններին, տեսչական մարմիններին», — հայտնեց ՏԿԵ նախարարը:

Ըստ նրա՝ երբ մեքենան կայանում ստուգվեց, տվյալները ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային տարբերակով լրացվում են, և գազալցակայանի աշխատակիցը, մեքենայի համարը հավաքելով համակարգի մեջ, տեսնում է՝ մեքենան անցե՞լ է ստուգում, թե՞ ոչ և եթե չի անցել, չի լիցքավորում:

Գնել Սանոսյանը հայտնեց, որ ներկայում 12 կազմակերպություն կա, որոնք լիցենզավորվել են ու կարող են նման ծառայություն մատուցել:

«Մյուս կողմից՝ մեր քաղաքացիներին հորդորում եմ չսպասել մինչև օգոստոսի 1-ը: Այս ընթացքում արդեն կարող են այդ փուլն անցնել: Գործընթացը բավականին արագ է տևում», — ասաց Սանոսյանը: