Պատերազմի վտանգի աղբյուրը Նիկոլն է

«Հրապարակը» գրում է. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն ու նրա ուսապարկերը լծվել են պատերազմի վտանգով մարդկանց խեղճացնելու գործընթացին: Սկզբում այն նպատակ ուներ «խաղաղ դարաշրջանի» սեփական գաղափարն առաջ տանել, որպեսզի մարդիկ նոր պատերազմի եւ նոր զոհերի հեռանկարի սարսափից համակերպվեին կապիտուլյացիոն խաղաղության անհրաժեշտության հետ: Բայց այս երկու օրը շեշտադրումը մի փոքր փոխվել է:

Թափ հավաքող հականիկոլական շարժման դեմն առնելու նպատակով գործող իշխանությունը հնարավոր բոլոր միջոցներով մեղադրում է ընդդիմությանը խաղաղությանը պատերազմ հայտարարելու մեջ: Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Դե, իհարկե, 1998-ին հրաժարական տալով՝ հասարակությանն ուղղված «մաղթանքում» մոտավորապես նման ձեւակերպում էր տվել Փաշինյան Նիկոլի «հոգեհայրը»՝ ՀՀ առաջին նախագահը: Սակայն, ինչպես գիտենք, «պատերազմի կուսակցություն» բնութագրված իշխանության օրոք ոչ մի պատերազմ էլ չծագեց: Բայց առաջին նախագահի համար նշանակություն չուներ՝ իր գաղափարը կյանքի՞ էր կոչվել, թե՞ ոչ. կարեւորն այն հնչեցնելն էր: Եթե այդպես չլիներ, ապա 2007-ին քաղաքականություն վերադառնալով՝ կխոստովաներ, որ սխալվել է իր կանխատեսումներում:

Նույն երեւույթը կրկնվում է մեր օրերում: Տարբեր ուսապարկերի միջոցով անընդհատ պատերազմի նկատմամբ վախ սերմանելով՝ իշխանությունը փորձում է մարդկանց հեռու պահել Նիկոլին պաշտոնից հեռացնելու շարժմանը մասնակցելուց: Ի դեպ, դրան է միտված նաեւ «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված երկրում ոստիկանական բռնությունների ծավալումը: Որպես նախկինում փողոցներում շարունակ կռիվ տված մեկը՝ կարող եմ վկայել, որ բռնություններն ազդում են շարժման ծավալման սկզբնական շրջանում: Այնուհետեւ, եթե փողոցում գտնվող անձինք դիմանում են առաջին հակազդեցությանը, բռնություններն ավելի են մոտիվացնում մարդկանց՝ շարունակելու իրենց պայքարը:

Եվ այդ պարագայում արդեն այնքան էլ նշանակություն չունի, թե ով է երկրի ղեկավարը՝ Քոչարյանի նման կոշտ, թե Սարգսյանի նման «փափուկ» անձնավորությունը: Ինչ մնում է Փաշինյանին, ապա խայտառակ պարտությունից հետո, երբ իր համար առաջացավ ոստիկանական բռնությունների դիմելու անհրաժեշտություն, նա փորձել է թե՛ Քոչարյանի եւ թե՛ Սարգսյանի «կոստյումները»: Կարծում եմ, որ շարժման այս փուլում փողոցում բողոքողները դիմացել են առաջին հակազդեցությանը, եւ որքան շարունակվի, այնքան շարժումն ավելի է ծավալվելու: Եվ իշխանությունը պահպանելու համար Նիկոլին կմնա ընդամենը դիմելու սատանայի օգնությանը:

Իսկ ես շարունակեմ շարժման պատճառով երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի թեման: Այն հին է այնքան, որքան անկախությունից ի վեր հակաիշխանական շարժումները Հայաստանում: Միշտ էլ իշխանությունն ակտիվ ընդդիմությանը մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ: Սակայն Նիկոլի վարչապետության շնորհիվ սովորական այդ պրակտիկային ավելացավ նորը. պատերազմի վտանգով մեզ սպառնում է նաեւ թշնամի երկրի ղեկավարը: Նախկինում նման երեւույթ չէր եղել, քանի որ թշնամին պարտված էր, եւ նրան պատերազմ պետք չէր: Իսկ այսօր հաղթած թշնամի երկրի ղեկավարը եւ Հայաստանի պարտված իշխանությունը գործում են համընթաց՝ նույն մտածողությամբ: Իսկ մի քանի օր առաջ «կլասիկ» քաղաքական գործիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը Փաշինյան Նիկոլից ստացած Էդմոն Մարուքյանն ասում էր, թե Բաքվի իշխանության աշխատակազմի անդամը լինելու դրսեւորում է այն երեւույթը, երբ մեզանում արտահայտվում են նույն մտքերը, ինչ Ադրբեջանում: Փաստորեն, թե՛ նիկոլական ուսապարկերը եւ թե՛ նրանց ղեկավարը Բաքվի իշխանության աշխատակազմի անդամներ են:

Այնինչ, ընդդիմությունը ոչ թե պատերազմ է ցանկանում, այլ ընդամենը փորձում է երկիրն ազատել իր ելույթներով ժամանակին պատերազմ հրահրած եւ դրանում խայտառակ պարտություն կրած իշխանությունից: Ի տարբերություն ուսապարկերից մեկի, ով ժամանակին մարդկանց խորհուրդ էր տալիս «չշշկռվել»՝ գիտակցելով, թե ով է «գլխավոր հրամանատարը», ընդդիմությունն իրապես գիտակցում է իրերի վիճակը: Եվ բնական է, որ իշխանության գալով՝ չի անի այնպիսի քայլեր, որոնք մեզ կկանգնեցնեն լուրջ մարտահրավերների առջեւ: Հատկապես այս օրերին, երբ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավոր պետության ողջ ուշադրությունը կենտրոնացված է Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա:

Ինչ մնում է գործող իշխանությանը, ապա հենց ինքն է իր գոյությամբ պատերազմի վտանգ ստեղծում Հայաստանի համար: Քանի որ Փաշինյան Նիկոլի բերանով ինչ-որ խոստումներ է տալիս Իլհամ Ալիեւին, իսկ հետո փորձում է գեղցի «շուստրիությամբ» քցել նրան: Հենց նման եւ ոչ թե ընդդիմության առաջարկած արժանապատիվ իշխանությունն է անընդհատ պատերազմի սպառնալիքներ ստեղծողը: Ինչ մնում է Իլհամի ասած «Հայաստանում պարբերաբար գլուխ բարձրացնող ռեւանշիստական ուժերին», ապա ես վստահ եմ, որ հենց նրա կենդանության օրոք կերեւա, թե ով է կրկին ընկնելու ռեւանշիստական մտածմունքի գիրկը: