Սարսափելի է… Երկու տարեկան դստերը Դեբեդ գետն է գցել հարազատ մայրը

Ապրիլի 25-ին` ժամը 17.45-ին, ՀՀ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը:

Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:

Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:

30-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: