Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում ցույց է տվել «Գորշ գայլեր»-ի ժեստը… Ինչու՞

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը և դատապարտող ելույթ է ունեցել:

«Ես կցանկանայի ձեզ մի բան ցույց տալ: Սա, այսպես կոչված, «Գորշ գայլեր» արմատական ահաբեկչական կազմակերպության նշանն է, որը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, այլ փոքրամասնությունների դեմ։

Դուք կարող եք հարցնել, թե ինչու եմ ձեզ ցույց տալիս այս նշանը և ինչ փոխկապակցվածություն կա իմ ելույթի և զեկույցի միջև: Ոչ հարգելի գործընկերներ, ես չեմ շեղվում քննարկումից։ Ես դա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Թուրքիայի գործող արտգործնախարար պարոն Մավլութ Չավուշօղլուն դա ցույց է տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին։ Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման նշան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մի մարդ, ով այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։ Այն մարդը, ում բոլորս աջակցություն ու իրավունք ենք տվել մեզ բոլորիս ներկայացնելու և Եվրոպայի խորհրդի գաղափարները տարածելու և եվրոպական արժեքները պաշտպանելու, իրեն թույլ է տալիս առաջ մղել նման արմատական խորհրդանիշ։

Հարկ է նաև նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։
Այստեղ ես ուզում եմ ևս մեկ անգամ հստակ նշել, որ մենք Հայաստանում շատ նվիրված ենք եվրոպական արժեքներին և շարունակում ենք անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ հույս հայտնելով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան բացելու սահմանը և. հաստատել նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ և նպաստել մեր տարածաշրջանում դեէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ ծաղրել էր Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Մեքենայով դուրս եկող Չավուշօղլուն, տեսնելով՝ ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել «մարդասպան», ի պատասխան վանկարկումների՝ լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը:

Այս նացիստական ժեստից հետո Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին ապրիլի 25-ին կանչել էր ԱԳՆ՝ Էստևեզի պալատ։

Չավուշօղլուի ժեստը քննադատել են Ուրուգվայի ԱԳ նախարարն ու երկրի նախագահը: