Ալիևը սպառնացել է հայերին Շուշիից… ահա թե ինչ է նա հայտարարել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երեւանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են ռեւանշիզմի մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համապատասխան քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում ընթացող աշխարհի ադրբեջանցիների համագումարում։

Նա նշել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրների նկատմամբ։

«Չնայած պատերազմի ավարտին, Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել։ Բայց ես վստահ եմ, որ դրանք կդադարեն: Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի և համաշխարհային հայերի տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրներից, բայց մենք էլ մեր տարածքը ոչ մեկին չենք զիջի»,- ասել է Ալիեւը։

Նա նշել է, որ «Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այն, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ և չի ունենա դրանք ապագայում»։