Երկու տարի անցել է՝ ո՞ր մի քաղաքական ուժն է եկել հարցրել՝ մեռա՞ծ եք, թե ողջ, ով է իմ ձեռը բռնել

Նորից երկրում թեժացել է ներքաղաքական իրավիճակը՝ մի կողմից Արցախի հարցն է կանգնած, մյուս կողմից՝ պատերազմի թեման է քննարկվում եւ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո նորից սրվել են կրքերը։ Ազատության հրապարակը նորից լեցուն է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է նստացույց սկսել, 5165 շարժումն է անժամկետ ակցիաների մասին հայտարարել։ 2020 թվականի 44-օրյա պատերամի հերոսների ծնողներն են իրենց բողոքի ձայնն ու անհամաձայնությունը հայտնում ներկայիս իշխանությունների գործելակերպի վերաբերյալ։

«Հրապարակը» կապ հաստատեց Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է սկսված շարժման մասին և արդյո՞ք մասնակցելու է Արցախի փրկության հավաքներին․

«Բայց ես ինչի՞ պիտի միանամ, երբ ես 2 տարի առաջ խոսում էի՝ ինչի՞ ոչ ոք չէր միանում, այդ նույն բաներն ասել եմ, 100 անգամ գրառում եմ արել՝ թող մեկը վեր կենար, ասեր՝ էս մարդը ճիշտ է ասում, մենք ողջունում ենք գաղափարը, ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն։ Այսինքն, գնամ միանամ ո՞ր ինչ լինի, որ իրենք գնան նստեն իշխանությա՞ն, հենա նստած են էլի»։ Հովհաննիսյանը կարծում է, որ սա ուղղակի աթոռի կռիվ է։

44-օրյա պատերազմի մասնակիցների հացադուլի մասին ևս Հովհաննիսյանն իր կարծիքն ունի․

«Իմ հորդորը նա է, անկախ ամեն ինչից, պետք է ոչ մի քաղաքական ուժի, ոչ մի հերոսի ծնող, ոչ մի կռված չպետք է միանան, եթե ուզու՞մ են քայլ անեն թող ծնողներով հավաքվենք՝ 5000 ենք, 10 000 ենք՝ հարց չկա, ցանկացած ծնողի կողքը կանգնած եմ, ցանկացած պատերազմի իրական մասնակցի կողքը կանգնած եմ, բայց էլի եմ ասում ես ո՛չ ընդդիմության կողմից եմ, առավել ևս ո՛չ էլ էս իշխանության, 2 տարի անցել է՝ ո՞ր մի քաղաքական ուժն ա եկել հարցրել՝ մեռա՞ծ եք, թե ողջ եք, հազար բան է ինձ հետ եղել, ո՞վ է տեղյակ եղել, ո՞վ է իմ ձեռը բռնել»։