Նիկոլն ասաց՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար ես այլևս Ջոնի Բրջոնի եմ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Շառլ Միշելի խոստացած օգնությանը, այն որակեց կաշառք Արցախը հանձնելու դիմաց։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության Փաշինյանը և Միշելը քննարկել են ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարևորությունը։

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասում էր՝ միջազգային հանրությունն ինձանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ինչը նշանակում է թողնել Արցախն Ադրբեջանի կազմում, դրա գինը այն կաշառքն է, որի նախօրեին հրապարակավ առաջարկեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հիմա մենք կանգնած ենք պարզ ընտրության առաջ՝ կամ Արցախի ցեղասպանություն ու Հայաստանի ինքնիշխանության փուլային կորուստ, կամ Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Մենք բոլորս մի հարցում համամիտ ենք, այդ իշխանությունն ազգակործան պատուհաս է, և պետք է հեռանա»,-ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը լավ է ճանաչում իր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանին։ Ապրիլի 13-ի ելույթն էլ այս համատեքստում է մեկնաբանում. «Ուզում էր ասել՝ Շուշին հանձնվել է»։ Սպասում էր, որ դատախազության ու ԱԱԾ աշխատակիցները պետք է մտնեին ԱԺ դահլիճ ու կալանվորեին Փաշինյանին, մինչդեռ նման բան չեղավ։

«Ասում է՝ ծնողներ, ես տարել եմ, մորթել եմ ձեր որդիներին։ Չեղավ արձագանք, այն, ինչ պետք է լիներ։ Ասում է՝ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցնենք, այն, ինչ իրենից երկու օր առաջ ասեց Ալիևը։ Ինձ մոտ տպավորություն է՝ Նիկոլն ասում է, լավ ես է՞լ ինչ պետք է անեմ, որ համախմբվեք ու ինձ հեռացնեք։ Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ մարդը ներքին աղերս ուներ, ասում էր՝ ինձ հետ չեն բանակցում, միջազգային հանրությունն ինձ լուրջ չի ընդունում, Թուրքիայի ու Ադրբեջանի համար ես այլևս Ջոնի Բրջոնի եմ, էդ մարդն էլ ի՞նչ ասի, սիրելի հայրենակիցներ»,-ասաց Զոհրաբյանը։