ՀՐԱՏԱՊ. Լարված իրավիճակ է Արմավիրի մարզում

Այսօր՝ ապրիլի 19-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղ առավոտից Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերը Արմավիրին կապող ճանապարհը և արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը լսի իրենց և խնդիրը լուծեն ի օգուտ գյուղացու:

Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերում գյուղացիները շարունակում են պայքարը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «30 տարի է, երթևեկել ենք մարդաբոյ փոսերով ճանապարհներով: 30 տարի է, աչքներս ջուր կտրած սպասել ենք, որ էդ ճանապարհները ասֆալտապատեն: Միայն վերջին 2 տարում Նոր Արմավիրում ունեցանք որակյալ ասֆալտ, սակայն պարզվում է, մեր ուրախությունը կարճ տևեց:

Նալբանդյան գյուղում էլ ճանապարհները հիշեցնում են քարե դար ու էդ ճանապարհները ավերելու մեջ կարելի է առաջին հորիզոնականում գրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի անունը: Նրա ավազի հանքերի շահագործման հետևանքով 60-70 տոննա ավազով բարձված բեռնատարները ասես ասֆալտ ուտող լինեն: Լրիվ Նովոն ոնց-որ ասֆալտի բալգարկա լինի: 1000 անգամ դիմել ենք, խնդրել ենք, որ հետևություններ անի, բայց ձայն բարբառո հանապատի:

Մի քանի օր առաջ հենց նրա ընկերության բեռնատարը Նալբանդյան գյուղում ավերեց ջրագիծը ու 6 օր է, ջուրն անխնա հոսում է, առաջացել է մոտ 3-4 մետր խորությամբ հսկայական ջրափոս, բայց ո՛չ մարզպետարանը, ո՛չ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից չեն բարեհաճում՝ գան ու էս փոսը սարքեն: 2 օր առաջ հեծանվով երեխան ընկավ հսկայական ջրափոսի մեջ: Հրաշքով փրկեցինք երեխային: Եթե Աստված չաներ, երեխան մահանար, ո՞վ էր պատասխան տալու՝ Նովո՞ն, մարզպե՞տը, թե՞ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարը: Նրանց ինչ կա, իրենց կաբինետներում նստած թափաններն են լցնում, իսկ գյուղացին տանջվում է ու էդ տանջանքներին ավելալացել են էս քանդված ու փոշու մեջ կորած ճանապարհները, առանց ջուր բազմաթիվ տներ, էլ չենք ասում, որ ջրի որակը անտանելի է դարձել:

Այսօր քաղաքակիրթ ձևի փորձեցինք ակցիա անել, էն էլ ոստիկաններին կանչեցին, եկան մի քանի հոգու առանց պատճառի տարան, հիմա էլ ասում են, թե պիտի 50 հազար դրամ տուգանք մուծեք: Ինչի՞ համար. որ մեր իրավունքներն ենք պաշտպանե՞լ: Մեզ ասում են՝ ճանապարհ եք փակել: Մենք ճանապարհ չենք փակել: Եթե Նովոյի խելքով մենք ճանապարհ ենք փակել, բա ո՞նց էին լեխկավիկները առանց խոչընդոտի երթևեկում:

Մեր պահանջն է, որպեսզի բեռնատարները դադարեն նման ձևի երթևեկեն: Գոնե մարդ եղեք, թողեք մի 10 տարի սարքած ասֆալտը մնա, թե չէ ընենց են ավերել ճանապարհները, որ մեզ թվում է՝ հայտնվել ենք Նիկոլի դարում՝ քանդած ու փոշոտ ճանապարահներ, կիսատ-պռատ արտաքին լուսավորություն ունեցող մայթեր, բեռնատարների կողմից ավերած ջրագծեր, ջրափոսեր և այսպես կարելի է շարունակել… Մեզ խոստացել են, որ վաղը մարզպետարանից, գալու են ու քննարկեն մեր բարձրացրած խնդիրները ու հաստատ ասել են՝ դրական որոշում է կայացվելու ի շահ գյուղացու:

Մենք ոչ քաղաքականության մեջ կանք, ոչ էլ ուզում ենք լինել: Ուզում ենք Նոր Արմավիրում վերջերս արված ասֆալտապատ ճանապարհը գոնե մի 10 տարի մնա, իսկ Նալբանդյան գյուղում էլ այդ մարդաբոյ փոսերն ու ջրափոսերը վերանան: Նորից ենք պնդում՝ մենք ճանապարհ չենք փակել, պարզապես արգելել ենք մի քանի տոննա ավազով բարձված բեռնատարները մեր ճանապարհներն ավերելով երթևեկեն»: