Կործանվելը հենց այսպես է լինում, պոզով-պոչով չի լինում… Ոտքի կանգնեք

«Դեռևս «Խաթաբալադա»-ից սկսած, ինձ ու իմ ընկերներին միշտ թվացել է, թե մենք, մեր կատարած աշխատանքով, խոսում ենք մեր հանդիսատեսի հետ ու, երբ նա լսում ու ծափահարում է մեզ, այսինքն, ինչ-որ չափով համաձայն է մեզ հետ, պատրաստ է նաև պայքարի դուրս գալ այն արժեքների համար, որը մենք նրանց փոխանցում ենք բեմից, որի համար հոտընկայս ծափահարում ու մեծարում է մեզ, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը և հավելել,- մտածում էինք, եթե Աստված չանի, գա օրհասական մի պահ, այսինքն, այն ինչ եղավ, այդ ողջ դահլիճը դուրս կգան փողոց ու կասի՝ հո՜պ, էս ի՞նչ եք անում մեր երկրի ու մեզ հետ… Բայց, արի ու տես, այդ 25 տարիները զուր են եղել, մարդիկ այսօր լուռ են ու անտարբեր…Ես հենց հիմա էլ եմ խաղում, ճիշտ այն ամենի մասին, որ այսօր կատարվում է մեզ հետ, բայց չեմ ուզում մտածեմ, որ այդ ամենը զուր է…Սա նշանակում է, որ այսօր այդ մարդկանց պետք է հանել փողոց, հենց դահլիճից՝ հրավիրել նրանց փողոց, պայքարելու սեփական գոյության, երկրի, պետությանն ու պետականության, ազգային և մարդկային արժանապատվությունը վերգտնելու ու վերականգնելու համար»։

Leader of ‘Homeland’ party Artur Vanetsyan met the media representatives on the Feedom Square of Yerevan, Armenia

Թոխատյանն անկեղծորեն խոստովանում է՝ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում մեզ հետ։ «Չեմ կարողանում հասկանալ, որովհետև, եթե միշտ այսպես եղած լիներ, ինձ համար պարզ կլիներ, անպատասխան հարցեր ես չէի ունենա։ Բայց չէ՞ որ ես այն սերունդն եմ, որ 88-ի հրապարակն է տեսել, 90-ականների դաժան տարիներ է տեսել, տեսել եմ նաև, թե ինչպիսի՜ ոգու ուժով ենք մենք այդ ամենը հաղթահարել, ոտքի կանգնել ու հիմա չեմ հասկանում՝ մեզ հետ ի՞նչ է պատահել, ի՞նչ են արել մեզ հետ։ Կործանվելը հենց այսպես է լինում, պոզով – պոչով չի լինում…Ոտքի կանգնեք, ա՜յ ժողովուրդ», — ասում է դերասանը, ով նախօրեին՝ ուշ երեկոյան այցելել էր Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներին։

Դերասանը նկատում է՝ նույնիսկ ոչ վաղ անցյալում, մեր իրականության մեջ պայքարի ոգին մարած չէր. «Հիշենք նույն «Էլեկտրիկ Երևան»-ը…Գուցե շատերի համար դա իրական, շատերի համար էլ՝ պսևդո պայքար էր, բայց ռեալ պայքարի դրսևորում էր։ Թե ի՞նչ է մեր ազգի հետ կատարվում վերջին մի քանի տարիներին, սա ուղղակի անբացատրելի երևույթ է։ Այնպիսի արհավիրք, ինչպիսին մենք տեսանք ու ապրեցինք 44 օրյա պատերազմի ընթացքում ու այսպիսի՞ արձագանք…Նման բան չի եղել, երբեք չի եղել մեր պատմության ընթացքում։ Չէ՞ որ այդ արհավիրքը չի ավարտվել։ Քանի դեռ մենք ունենք անհետ կորած, աճյունները դեռ չգտնված ու գերեվարված տղաներ, մեր արհավիրքը դեռ ավարտված չէ։ Համարյա ճիգեր էլ չեն գործադրվում, որպեսզի գտնվեն, հետ վերադարձվեն այդ տղաները կամ գոնե՝ նրանց նահատակված մարմինները։ Ու այսպիսի անտարբերությո՞ւն, այսպիսի լռությո՞ւն…Ես չեմ հասկանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ…»,- նկատում է դերասանը։

Leader of ‘Homeland’ party Artur Vanetsyan met the media representatives on the Feedom Square of Yerevan, Armenia

Թոխատյանը նշում է՝ այն միջազգային կառույցները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, գոնե այդ կազմակերպությունների դռների առաջ չպակասող հերթեր պետք է լինեին։ Մարդիկ պետք է պահանջեին այդ կառույցների պատշաճ գործունեության իրականացումն ու նրանց արձագանքը.«Երբ հայտարարում են՝ միջազգային հանրությունն ասում է իջեցրեք ձեր նշաձողը, ուզում եմ հարց տալ՝ իսկ ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն, դա ո՞րն է։ Իմ կարծիքով, դա նույնն է, որ ասեն՝ Սովետական հանրություն, ԱՊՀ-ի հանրություն, էդ հանրությունը ո՞րն է, ինչ- որ մեկն ինձ կբացատրի՞։ Պետք չէ խոսել եվրոպական կամ միջազգային հանրությունների անունից։ Ես խոսում եմ մեր երկրի տարածքում հավատարմագրված և օրենքի ուժով գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների մասին։ Ինչո՞ւ այդ կառույցների դռներն ամենաօրյա ռեժիմով չեն կոտրվում, որպեսզի նրանք պատշաճ կերպով արձագանքեն տեղի ունեցող իրադարձություններին, չէ՞ որ դա իրենց պարտականությունների մի մասն է կազմում նաև»,- նկատում է դերասանը։

Անդրադառնալով Ազատության հրապարակում նախօրեից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիային, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ եթե ձեզ այս կամ այն պատճառով դուր չի գալիս Արթուր Վանեցյանի անձը, ապա Ազատության հրապարակում, նրանից բացի, այլ ուժեր և մարդիկ ևս միացել են պայքարին, գնացեք, միացեք նրանց, ասում է դերասանը և հավելում.«Հասկանո՞ւմ եք, մենք հասել ենք մի կետի, որից այն կողմ, այլևս, կործանումն է, այլևս առ ոչինչն է մեզ սպասում այս ամենից այն կողմ։ Հետևաբար, այս պայքարը անձերի պայքար չէ, այլ գաղափարի, պարզ գոյատևման պայքար։ Գնացե՛ք և միացե՛ք Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44- օրյա պատերազմի մասնակից երկու երիտասարդներին, ովքեր որեւէ քաղաքական ուժի կամ կառույցի չեն հարում։ Նրանք պայքարում են մեր գոյության, մեր պետականության լինելության ու Արցախի ճակատագրի համար, խնդրեմ, միացեք նրանց, բայց անտարբեր մի մնացեք։ Այսօր արդեն, եթե դու որոշում ես դուրս գալ փողոց, բոլորովին պարտադիր չէ, որ ինչ -որ մեկի կողմնակիցը լինես՝ դու քո գոյության համար ես այսօր պայքարում, քո լինելության, քո սեփական ապագայի, քո երկրի ու պետության, քո զավակների, ուրիշ ոչ մի բանի համար»։

Leader of ‘Homeland’ party Artur Vanetsyan met the media representatives on the Feedom Square of Yerevan, Armenia

Ամփոփելով զրույցը, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ եթե, հանկարծ, այս անգամ էլ չհաջողի ու հերթական պայքարի ոգին մարի, ապա մեզ այլևս ոչինչ չի սպասելու, բացարձակապես ոչինչ.«Մենք կորցնում ենք շատ բան, բացի ազգային և մարդկային արժանապատվությունից, բացի նրանից, որ մեզ ժառանգել են մեր հայրերի հայրերը, մենք կորցնում ենք մեր սեփական ինքնությունն ու գնում ինտեգրվելու յեսիմ ուր։ Անգամ դա չգիտենք՝ թե ո՞ւր ենք մենք գնում ինտեգրվելու, ո՞րն է այդ ինտեգրվելու հասցեն։ Ո՞ւր ենք մենք գնում, ժողովուրդ ջան, ո՞վ կարող է ինձ ասել հասցեն մեր երթի…»։