
Շաբաթներ տևած նախապատրաստական աշխատանքներից և զորքերի լայնամասշտաբ տեղաշարժերից հետո Ռուսաստանն սկսել է ռազմական գործողությունների նոր փուլը, որը ստացել է Դոնբասի մեծ ճակատամարտ անվանումը։
Չնայած Ուկրաինայի արևելքում մարտերը փետրվարի 24-ից չեն դադարել, բայց ապրիլի 18-ից ռուսական զինված ուժերն սկսել են գլխավոր հարձակումը։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայի բարձրագույն ղեկավարությունը։ Ըստ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի` Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի շրջաններում ամբողջ ռազմաճակատի երկայնքով մեծ հարձակում է սկսել։
Ռուսական ուժերը Դոնբասի հարձակումն սկսեցին Մարիուպոլ քաղաքի գրեթե վերջնական գրավումից հետո, որը տևեց շուրջ 50 օր։ Ներկայում ուկրաինական ուժերը հակառակորդին դիմադրում են միայն Ազովստալ գործարանի տարածքում։
Ըստ տարբեր աղբյուրների՝ Ուկրաինայի դոնբասյան խմբավորումն այժմ բաղկացած է մոտ 40000 զինվորականներից, շտաբը Կրամատորսկ քաղաքում է։ Այս զորախումբը զբաղեցնում է Դոնեցկից Սլովյանսկ ընկած տարածքը՝ շուրջ 200 կմ երկարությամբ։ Ռուսական զորքի թվի վերաբերյալ ևս հստակ տվյալներ չկան։
Որոշ մասնագետներ նշում են, որ Ռուսաստանը Դոնբասում կենտրոնացրել է շուրջ 120 հազարանոց զորք։