Հայաստանում սկսել են ավելի քիչ օգտվել տաքսիներից. Ո՞րն է պատճառը

Հայաստանում սկսել են ավելի քիչ օգտվել տաքսիներից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների արդյունաբերական ասոցիացիայի նախագահ Վահագն Սահակյանը։

«Ես արդեն երկար տարիներ ասում եմ, որ Հայաստանում, հատկապես՝ Երեւանում, տաքսիները շատ են։ Այս երեւույթի պատճառներից մեկն էլ այն չէր, որ մեր բնակչությունը շքեղություն շատ է սիրում, այլ այն, որ մայրաքաղաքում բառացիորեն տրանսպորտ չկար։ Հիմա, քանի որ որոշակի քանակությամբ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ են հայտնվել, իրավիճակը կարգավորվել է: Մնում է կարգավորել գիշերային ժամերին աշխատելու ռեժիմն ու ավելացնել մեքենաների թիվը։ Այդ դեպքում Երեւանում տաքսիների թիվը կկրճատվի։

Տաքսիների պահանջարկի նվազման մյուս պատճառն այն էր, որ առցանց ծառայություններ մատուցող ընկերությունները սկսել են բարձրացնել գները՝ կախված օրվա ժամից, եղանակային պայմաններից եւ այլ պատճառներից, ինչը եւս նվազեցրել է պահանջարկը։

Զարգացած երկրներում դա այդպես չէ, սովորաբար որոշակի քաղաքի համար մեկ սակագին է ձեւավորվում տաքսիների համար, որոնք իրավունք չունեն գործունեություն ծավալել այդ քաղաքից դուրս։ Հայաստանում խոշոր օնլայն ընկերությունները դեմպինգ են իրականացրեցին, հասան 1100 ընկերությունների փակմանը՝ շուկայի մոնոպոլիստներ դառնալով:

Շատերը հետո հասկացան, որ դա ոչ թե տաքսի ծառայություն, այլ կողոպուտ է։ Տաքսի ծառայությունները, դարձյալ, պետք է թանկ լինեին որակյալ քաղաքային տրանսպորտի առկայության դեպքում, բայց քանի որ վերջինս երկար ժամանակ չկար, տաքսիները որոշ չափով փոխարինեցին տրանսպորտին։

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման ժամանակ խոսվում էր մեկ օպերատորի ներդրման մասին, որը թույլ կտա առցանց տաքսի ընկերություններից մեկին իր ձեռնք առնել նաեւ հասարակական տրանսպորտը։ Սակայն Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեմ եղավ դրան, ինչն էլ դարձավ նրա հրաժարականի հիմնական պատճառը։

Ամբողջ աշխարհում գոյություն ունի օրենք, որն արգելում է որպես հաշվիչ հեռախոս կամ պլանշետ օգտագործող տաքսի ծառայությունները։ Մեզ մոտ փորձում են օրինականացնել, սակայն քանի որ վարորդներին արգելված է ավտոմեքենա վարելիս հեռախոսից օգտվել, ապա այստեղ հակասություն է առաջանում: Հաշվիչը պետք է լինի այնպիսին, որպեսի հնարավոր չլինի արտաքին միջամտություն իրականացնել։ Օրինակ, տաքսիներում օգտագործվող հայկական արտադրության հաշվիչի աշխատանքին միջամտել անհնար է: Ամեն դեպքում, ցանկացած նման սարք տարին մեկ անգամ պետք է փորձաքննություն անցնի։

Շուկայում գերիշխում են երեք ընկերություններ, եւ բոլորի համար սակագները սահմանում է մեկ անձ։ Ուստի, եթե գները բարձրանում են, ապա դրանք անմիջապես եւ ամենուր են բարձրանում՝ չնայած սակագների ներդաշնակեցումն արգելող օրենքին։ Պետությունն այս դեպքում աչք է փակում.

Վստահ եմ, որ օրենքը չի գործում միայն կաշառք վերցնելու դեպքում, այլապես այն կկիրառվեր։ Տաքսիների ոլորտում իրավիճակը կկարգավորվի միայն օրենքի պահպանման, լիցենզավորման մեխանիզմի կիրառման դեպքում: Հենց օրենքն աշխատի, օնլայն տաքսիներն այսպես թե այնպես դուրս կմղվեն շուկայից»,- ասաց Վահագն Սահակյանը։