Փաշինյանին պետք է կանգնեցնել. Արցախի խորհրդարանում խիստ քննադատել են ՀՀ իշխանություններին

«Փաշինյանին պետք է կանգնեցնել, թույլ չտալ, որ այս մարդը բանակցի և միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը»,- Արցախի խորհրդարանի արտահերթ նիստին հայտարարեց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը շեշտեց՝ հայրենիք հանձնելով, հային զոհելով՝ խնդիրները չեն լուծում ու խաղաղություն չեն հաստատում։

«1988 թվականից առ այսօր հայի ընտրությունն է, որ Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մենք չենք հեռացել մեր ընտրությունից, իսկ հարկ եղած դեպքում՝ զենքը ձեռքներիս պաշտպանել ենք այն և շարունակելու ենք պաշտպանել՝ անկախ ամեն ինչից։

Եվ՝ ի պատասխան բոլոր նրանց, ով հավատում և պնդում է, թե Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

«Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել»,- Արցախի ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը։

Արթուր Թովմասյանն իր ելույթում շեշտեց՝ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։

«Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար, և մեր պատմություննն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,- հայտարարեց Արցախի խորհրդարանի նախագահը։

Արտահերթ նիստի մեկնարկին խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և 2022 թվականի մարտին Քարագլխում զոհված հայրենիքի պաշտպանների հիշատակը։