Փաշինյանն ասում է, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի և ուժեղացված թիկնազորով ժամանել է ԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է, հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:

Նրա խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին ու այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում ու այս իրավիճակում կարևոր է արձանագրել մի շատ էական նրբություն:

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը, այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները», — հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նշենք, որ այսօր Փաշինյանն ուժեղացված թիկնազորով ժամանել է ԱԺ։