Կապիտուլյանտներին իշխանության բերողներն ունեցել են երկու հստակ նպատակ… ինչ է այսօր կատարվել Արցախի մուտքի մոտ

Պոպուլիստ կապիտուլյանտներին իշխանության բերողներն ունեցել են երկու հստակ նպատակ՝ Արցախը դարձնել ոչ հայկական եւ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը՝ Ռուսաստանի դերը տալով Թուրքիային։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել․

«Ինչպես տեսնում եք՝ սրանք անշեղորեն կատարում են «հեղափոխության» աշխարհաքաղաքական սցենարիստների նպատակները»։

Իսկ NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցության 10 պատգամավորների մուտքը դեպի Արցախ չթույլատրելն ապացուցեց, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։

«Ես ուղղակի համոզված եմ, որ սա իշխանության պատվերն է։ Անցակետի մոտ ռուս խաղաղապահները ցուցակներ ունեին, որտեղ գրված էին մեր բոլորի անուն-ազգանունները։ Ընդորում՝ մեր հենակետում մենք առաջին անգամ տեսանք ԱԱԾ աշխատակիցներին, որոնք շատ մանրակրկիտ գրանցում էին, մուտք ու ելք, քաղաքացիների անունները։ Սրանով իրենք «լեգիտիմացնում են» այն, որ իրենք չեն գնում Արցախ։ Հիմա կասեն՝ սրա համար մենք չէինք գնում»,- նշեց պատգամավորը։

Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենք երկար ժամանակ բանակցել են ռուս խաղաղապահների հետ հասկանալու համար, թե իրենց ինչու թույլ չեն տալիս անցակետից առաջանալ, սակայն՝ ապարդյուն։

«Որեւիցե պատճառ ռուս խաղաղապահները մեզ չներկայացրին։ Մեր հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք հասկանալ, թե ինչն է պատճառը, սակայն անհասկանալի պատասխաններ էր ենք ստացել։ Կապվել ենք Ռուսաստանի դեսպանատան հետ, այնտեղից էլ ասացին, որ խաղաղապահները կապ չունեն դեսպանատան հետ, իրենց ղեկավարության ցուցումներն են կատարում»,- ասաց Վահե Հակոբյանը։