Գազալցակայաններն ու բենզալցակայանները շարունակում են խաբել քաղաքացիներին և չեն պատժվում

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Գազի թանկացումը իմ վրա չի ազդում, մեկա ես հազար դրամի եմ լցնում» մեմը իր ակտուալությունը շարունակում է մեծացնել։

Վերջերս կրկին մեքենաների լիցքավորման գազը թանկացել է, բայց դա խնդրի միայն մի կողմն է, մյուսը` գազի քաշի մեջ խաբվելն է, որն էլ իր հերթին է քողարկված կերպով թանկացնում գազը։ Պարզվում է պետական վերահսկողություն իրականացված 8 գազալցակայաններից 6-ում հայտնաբերվել են խախտումներ և տուգանվել 5 մլն դրամով։ Ուշադրություն` 8-ից 6-ում, պատկերացնու՞մ ենք չէ, թե քանի հազար գազալցակայան կա մեր երկրում, և եթե ստուգումները կրեն համատարած բնույթ` ինչ խայտառակ պատկեր կստացվի, ի դեպ` նույնը կլինի նաև բենզալցակայանների դեպքում։

Պետությունը պետք է և պարտավոր է ներկայացնել այն բոլոր գազա և բենզալցակայանների անվանումներն ու հասցեները, որոնք խաբել և կողոպտել են հազարավոր քաղաքացիներին, որպեսզի և վարորդները զգուշանան կամ չօգտվեն իրենց խաբած լցակայաններից, իսկ մյուս լցակայաններն էլ չցանկանան ո՛չ հաճախորդ կորցնել, ո՛չ տուգանվել։

Երկրի ոչ բարով վարչապետը, երբ ժամանակին ԱԱԾ պետին հանձնարարում էր գազալցակայաններում ՀԴՄ խփելուն հետևել (ի պատասխան` հանձնարարությունը պասլատ արվեց սատանա բռնելու շարքին), երբ փոխում էր լիցքավորման ձևը (ճնշումով վաճառքից անցում կատարվեց քաշով վաճառքին), չէր մտածու՞մ հանձնարարեր, որ ստուգեին նաև լիցքավորման չափիչները, թե՞ Նիկոլին միայն փող հավաքելն է հետաքրքիր։

Այս տուգումները ևս ունենալու են «քյաբաբ առ քյաբաբի» ճակատագիրը և լցակայանները այդ 5 մլն դրամները մուծելու են և շարունակելու գերշահույթ ստանալը, իսկ վարորդները ուզած-չուզած բավարարվելու են ստուգումների մասին հնչեղ վերնագրերով։

Մեկը հարցնի, թե ինչի խաբող լցակայանները մի քանի օրով չեք փակում, վրաներն էլ չեք գրում, որ թերլցում են իրականացրել, թե՞ դա միայն ՀԴՄ չխփելու դեպքում եք անում, որ փող հավաքեք ու մսխեք»։