ՀՐԱՏԱՊ. Ալիևը բացահայտումներ է արել Փաշինյանի հետ հանդիպումից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը՝ ապրիլի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ քննարկելով Հայաստանին դեռ նախորդ ամիս արված հինգ կետանոց առաջարկները, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է այդ սկզբունքները։

«Նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է Ադրբեջանի կողմից տրամադրված Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքներից բաղկացած փաստաթղթի մասին և այն մասին, որ հայկական կողմն ընդունել է այդ սկզբունքները»,- նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև ապրիլի 6-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

«Երկու երկրների առաջնորդները նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը, սահմանների սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն ու Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի մասնակցությամբ հաղորդակցությունների հարցերով աշխատանքային խմբի գործունեությունն ու այդ համատեքստում հետագա շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ կողմերը կրկին արտահայտել են փոխադարձ մտադրությունը շարունակելու համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի շուրջ։

Կրելմը ևս հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ, որտեղ սակայն խոսք չկա Հայաստանի կողմից ադրբեջանական առաջարկներին համաձայնվելու վերաբերյալ։

Դեռ մարտի 31-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ադրբեջանի հետ խաղաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում, Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկի»։ Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հանձնարարել էին արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների քննարկումների նախապատրաստական աշխատանքները։

Դեռ նախորդ ամիս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։