ՀՐԱՏԱՊ. Փառուխում և Քարագլխում իրավիճակ է փոխվել. Արայիկ Հարությունյանը որոշ մանրամասներ է ներկայացրել

Երեկվանից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են, ինչպես հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը, Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ նման նախադեպ եղել է նախկինում՝ Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի հատվածում.

«Լարված շփման գծի տարածքներում, որտեղ մենք հետագայում մեր դիրքերը փոխարինել են խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ ենք ունենում։ Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ շփման գծի ամբողջ երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահները, այսինքն, ըստ այդ համաձայնագրի, դիրքեր չպետք է լինեն ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի, բայց քանի որ խաղաղապահ ուժերի քանակը բավարար չէ ամբողջ երկայնքով իրականացնել դա, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլև մշտապես կրակի տակ պահել մեր շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ կանխելու համար առաջխաղացումը և վտանգները, մենք շարունակում ենք իրականացնել մարտական հերթապահություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նա ասել է, որ Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի ՊԲ ստորաբաժանումները, կամավորականները, նաև ԱԱԾ ստորաբաժանումները.

«Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և արդեն երեկվանից նաև ռուս խաղաղապահներն են գտնվում ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում»,- նշել է Արցախի նախագահը։