Բացառիկ մանրամասներ Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումից… Հսկայական աշխատանք է կատարվել ետնաբեմում

Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ պատահաբար չէր ներառվել դրույթը, ըստ որի՝ խաղաղության ապագա պայմանագիրը պետք է անդրադառնա «անհրաժեշտ բոլոր հարցերին», «Ազատությանն» ասել է բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապագա քննարկումները ներառելու են նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Այդ արտահայտությունը պատահմամբ չէր այնտեղ», — ասել է դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով, և ընդգծել՝ «այն, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից»։

Երկու օր առաջ Բրյուսելում ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հաղորդվեց՝ կողմերը պայմանավորվել են նաև մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի, դեմարկացիայի և սահմանի երկայնքով կայունության և անվտանգության հարցերով։ Արդյո՞ք մինչ այդ ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու Հայաստանի տարածից, ինչպես պահանջում էր Հայաստանի կառավարությունը՝ «Ազատության» հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն արձագանքել է՝ կա ըմբռնում, որ երկու կողմից էլ պետք է զորքերի հետքաշում լինի։

«Վիճահարույց մի շարք տարածքներ կան, որտեղ մենք պետք է աշխատենք՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Բայց նախ պետք է ինչ-որ համաձայնության հասնել համատեղ սահմանային հանձնաժողովի շուրջ, իսկ հետո՝ որպես առաջնահերթություն, փորձել նվազեցնել լարվածությունը վիճահարույց տարածքներում», — ասել է նա։

Հանդիպման երրորդ կարևոր արդյունքը, ըստ եվրոպացի դիվանագետի, վստահության ամրապնդման միջոցառումներն են՝ ներդրումներն ու հաղորդակցության ուղիները։ Եռակողմ հանդիպման ավարտին այս մասով հստակ որևէ բան չէր հաղորդվել, ավելին, Հայաստանի վարչապետը երեկ Երևանում հայտարարեց, որ «կոմունիկացիաների մասով կողմերի միջև կան տարընթերցումներ»՝ չհստակեցնելով, թե որ հարցերում։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ևս մանրամասներ չի հայտնել, բայց ընդգծել է, որ Բրյուսելը պատրաստվում է աշխատել երկու կողմի հետ՝ «ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի, այսպես ասած, կոորդինատների ապագա ուղիները հստակեցնելու համար»։

«Չէի ասի, որ այս ամենը հանկարծակի է ստացվել, իրականում հսկայական աշխատանք է կատարվել ետնաբեմում», — մեկնաբանելով արդյունքները՝ ասել է եվրոպացի դիվանագետը, հիշեցնելով, որ երկու շաբաթ առաջ Շառլ Միշելի հանձնարարությամբ տարածաշրջան էր ժամանել Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, անցած շաբաթ Բրյուսելում հանդիպել էին վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի խորհրդականները, բացի այդ՝ Միշելը մինչ եռակողմ հանդիպումը առանձնազրույց էր ունեցել թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի հետ։

Եվրոպացի դիվանագետը նաև որոշ մանրամասներ է պատմել կուլիսային այդ բանակցություններից։ «Օրինակ՝ Իսպանիայի մեր արբանյակային կենտրոնը մեզ տվեց գրաֆիկական պատկերներ, որոնց ի ցույց էին դնում հայկական և ադրբեջանական զորքերի ճշգրիտ դիրքերը, ուստի մենք կարողացանք ցույց տալ առաջնորդներին այն մարտահրավերներից մի քանիսը, որոնք սպառնում են նրանց՝ լարվածությունը կանխելու իմաստով, քանի որ նրանց զորքերը իրար շատ մոտ հեռավորության վրա են կանգնած», — «Ազատությանը» պատմել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, հավելելով՝ «կարծում եմ, որ երկու առաջնորդներն էլ իսկապես գնահատում են այն փաստը, որ մենք անձնական շահագրգռվածություն չունենք այս խաղում»։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես են տարածաշրջանի մյուս խոշոր դերակատարները՝ Թուրքիան և Ռուսաստանն արձագանքում Եվրամիության ակտիվ այս դերակատարությանը, դիվանագետը նշել է՝ հարցը քննարկվել է նախագահներ Էրդողանի և Միշելի, մինչ այդ էլ՝ Միշելի ու Պուտինի միջև։

«Թուրքիան զուգահեռաբար սկսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց՝ նշանակելով շատ բարձրաստիճան դիվանագետի։ Եվ այն, ինչով մենք զբաղվում ենք, շատ օգտակար է թուրքերին, որովհետև նրանք չենք կարող կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ առանց, այսպես ասած, համապատասխանեցնելու այդ գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Այնպես որ, այս երկուսը միմյանց նպաստում են», — ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Անդրադառնալով Մոսկվային՝ եվրոպացի դիվանագետը մեջբերել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի երեկվա հայտարարությունը, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը շատ դրական է և ողջունելի»։

«Իհարկե, մենք միամիտ չենք, բայց նաև փորձել ենք խուսափել քայլերից, որոնք ուրիշի հաշվին կլինեն», — ասել է եվրոպացի դիվանագետը, փաստելով, որ Շառլ Միշելի՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ հղում կա Պուտինի միջնորդությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ տեղում, քանի դեռ համատեղ սահմանային հանձնաժողովն իսկապես արդյունքներ չի տվել դելիմիտացիայի և կայուն, անվտանգ իրավիճակ երաշխավորելու ուղղությամբ», — կարծիք է հայտնել եվրոպացի դիվանագետը։

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը պնդել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցով համատեղ հանձնաժողովը կսկսի գործել շատ մոտ ապագայում, հնարավոր է՝ արդեն ապրիլի վերջին։ «Ակնկալվում է, որ շատ շուտով առաջնորդների ևս մեկ հանդիպում կունենանք՝ քննարկելու, թե ինչ առաջընթաց է գրանցվել, և ինչպես կարող ենք հաղթահարել խոչընդոտները, որոնք խանգարում են, որ շարժվենք առաջ», — «Ազատության» հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով։