VIDEO. Փաշինյանը ամփոփել է Ալիևի հետ հանդիպումը. Ռուս խաղաղապահները պետք է պատասխան տան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Բրյուսել իր այցի մասին:

Նա նշեց, որ իր ու Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ:

Փաշինյանի խոսքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է իմի բերվեն ու բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:

«Մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունն ու պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ», — նշեց նա:

Վարչապետն ասաց, որ հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:

«Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է ու այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում եք ու կանենք», — նշեց ՀՀ վարչապետը: