Արտակարգ դեպք Երևանում. Բնակելի թաղամասում հայտնաբերվել է մարտական արկ

Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ ջրախողովակները փոխելու ժամանակ, փոս փորելիս հայտնաբերել են արկանման առարկա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Պարզվել է, որ ջրախողովակները փոխելու նպատակով փոսը փորելիս բանվորները հայտնաբերել են անհայտ ծագման արկ և այն վնասազերծելու համար պետք է ժամանեն հատուկ մասնագետներ:

Նրանք զգուշությամբ արկը դրեցին ավազով լցված հատուկ արկղ և տեղափոխեցին Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններ՝ պայթեցնելու եղանակով ոչնչացնելու համար:

Արկը մարտական է եղել ու եթե այն հայտնաբերած քաղաքացիները անզգուշություն ցուցաբերեին, կառաջանար պայթյուն և վնաս կպատճառեր պայթյունի հարևանությամբ գտնվող մարդկանց և շենք-շինություններին: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: