Ունենք միայն մի քանի օր

44-օրյա պատերազմի 2-րդ արարն է սկսվել, եւ հայ հասարակությանը նախապատրաստում են կապիտուլյացիոն 2-րդ պայմանագրին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Արցախում վերջին սրացումներն իրականում ուժի սպառնալիքի և քարոզչության միջոցով կապիտուլյացիոն 2-րդ պայմանագրի ստորագրման ներկայացում են։ Խնդիրն այն է, որ այս ամենի մեջ ակտիվ ներգրավվածություն ունի ՀՀ գործող իշխանությունը, և այդ սահմանային սրացումները ևս հայ-ադրբեջանական պրիվատ բանակցությունների իրար փոխլրացնող քայլերի արդյունք էին»,- նշել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ ունենք մի քանի օր միայն, որովհետև ապրիլի 6-ին նախատեսվում է Փաշինյան- Ալիև հանդիպումը Բրյուսելում։

«Դա հենց այնպես հանդիպում չէ, իրենք շատ են շտապում, և ուզում են կարմիր գիծ քաշել և դա փորձելու են որպես հիմնավորում ներկայացնել ՌԴ-ին։ Ինչո՞ւ ՌԴ-ին, որովհետև ի սկզբանե ՌԴ-ն զուսպ և, ըստ էության, դեմ էր արտահայտվել՝ նշելով որ հիմա դրա ժամանակը չէ»,- նշել է նա։