Ռուսնե՞րն են թիկունքից դավաճանում հայերին, թե՞ Փաշինյանենք՝ բոլորին

Արցախում պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանցիները մտնում են հայկական գյուղեր, որտեղ ուզում՝ դիրքեր են դնում, գյուղ են վերցնում, գրում է «Հրապարակը»։

Ու տպավորություն է, թե դրանով առանձնապես մտահոգված չեն ո՛չ Հայաստանի ու Արցախի զինված ուժերն ու իշխանությունները, ո՛չ էլ ռուսական խաղաղապահ զորքերը: Հայաստանի իշխանությունն առիթը բաց չի թողնում ստեղծված իրավիճակի մեղքն անուղղակիորեն ռուս խաղաղապահների վրա բարդելու: Հայ հասարակությունն իր վարկածներն ունի. մեկն այն է, որ փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնեցված, ուզում է բավարարել Արեւմուտքի ցանկությունը՝ ռուսական զորքերը դուրս բերել Արցախից ու ՀՀ-ից, դրա համար է տպավորություն ստեղծում, թե այդ զորքերի ներկայությունն անարդյունավետ է, ռուսները չեն կատարում իրենց դաշնակցային ու խաղաղապահական պարտավորությունները: Մյուս վարկածն այն է, թե ռուսական կողմն է Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությամբ Արցախից բարձունքներ ու գյուղեր տալիս եւ թույլ չի տալիս, որ հայկական կողմը դիմադրություն ցույց տա: Երկու վարկածն էլ այս իրավիճակում կարող են ռեալ լինել, բայց կան իրողություններ, որոնք պետք է խորքային դիտարկել։

Հայաստանը, Արցախը մե՞ր հայրենիքն են, թե՞ ռուսների

Այս իրավիճակում, երբ պատերազմը չոքել է մեր դռանը, ՀՀ իշխանությունները զբաղված են ամեն ինչով, բացի երկրի անվտանգությունից, նրանց մի մասը «տժժում» է տարբեր փաբերում, եվրոպաներում ու ասիաներում, աղ ու աղամանի հարցեր են քննարկում, հակածխախոտային օրենքներ մշակում: Երկրի պաշտպանության նախարարը Վեդիում քարոզարշավ է անում իր ընկերոջ համար, վարչապետն ինչ-որ բաներ է թափ տալիս ընդդիմախոսների վրա, ընդդիմությունն ԱԺ-ում լեզվակռիվ է տալիս իշխանավորների հետ. մի խոսքով՝ բոլորն իրականությունից կտրված են: Թշնամին կրակում է, գնդակոծում, սպանում, գյուղեր գրավում՝ «ապտակում», իսկ մեր իշխանավորները «քրիստոնեաբար» մյուս այտն են դեմ տալիս, թե՝ մենք խաղաղության օրակարգից չենք շեղվում… ու շարունակում են նվաստացած «ծեծվել» թշնամու կողմից: Սա լավ են տեսնում ռուսական կողմը, ռուս խաղաղապահները: Նրանք տեսնում են, որ ՀՀ իշխանությունները, որոնց ձայն են տվել ՀՀ քաղաքացիները, մտագոհված չեն իրենց երկրի շուրջ ստեղծված իրավիճակով, շարունակում են սիլիբիլիներով «մտնել թշնամու անկողինը»՝ նրա ուզած բոլոր նախապայմաններով… Սակայն արդյո՞ք ռուսը պետք է մեր հայրենիքով ավելի մտահոգված լինի, ավելի սրտացավ մեր գյուղերի ու ռազմավարական բարձունքների համար, քան՝ մենք: Իհարկե՝ ոչ:

Փաշինյանենք վայելեն բարիքները, հաշիվը ռուսնե՞րը փակեն

Պարզ է, որ այս իշխանության անթաքույց նպատակներից մեկը ՀՀ բանակը վարկաբեկելն ու կազմաքանդելն է: Դա, հավանաբար, արվում է թշնամուն գոհացնելու, նրա նախապայմանների շրջանակներում: Այս վտանգավոր իրավիճակում երբեմնի ուսուցիչ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար նշանակվեց։ Մարդ, ով չունի զինվորական փորձ, ունեցած փորձն էլ քրեական սկանդալն է՝ ծառայության շրջանի: 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը մատը մատին չխփեց բանակը վերազինելու ուղղությամբ: Երկրի բյուջեն մսխում են ամեն ինչի վրա՝ պարգեւավճարներ, գործուղումներ, զիզիբիզի ծրագրեր, անհարկի ծախսեր, Փաշինյանի անձնական անվտանգությունն ապահովող ուժայինների վերազինում, աշխատավարձերի բարձրացում։ Բայց բանակի վերազինման ուղղությամբ գումար չեն ծախսում: Իշխանությունը մսխեց անգամ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները, որոնց մասին այդպես էլ հաշվետվություն չտրվեց հասարակությանը: Արդյոք սա չե՞ն տեսնում ռուսական կողմն ու ռուս խաղաղապահը: Ինչո՞ւ պետք է նրանք իրենց զինվորի կյանքը զոհաբերեն մեր Արցախի պաշտպանության համար, զենք ու զինամթերք, միջոցներ ծախսեն մեր երկրի անվտանգությունը պահպանելու համար: Ռուսական կողմին մեղադրելուց, օտարի առաջ պահանջներ դնելուց առաջ նախ մտածենք, թե մենք ինչ ենք անում մեր երկրի համար:

Այնուամենայնիվ, ռուսական կողմը կորցնում է վարկանիշը

Հայաստանը փաշինյանական իշխանությամբ չի սկսվում ու ավարտվում: Այս իշխանությունը, որը թյուրիմացություն է հայ ժողովրդի ու Հայաստանի պատմության մեջ, ժամանակավոր է եւ, ինչպես բոլոր իշխանությունները, հեռանալու է: Նրանց հեռացումը ցավոտ է լինելու հենց իրենց համար: Հայ ժողովուրդն ունի իր ազգային սերուցքը, որը ցավոտ է տանում այս իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքեր է փնտրում: Մեր գլխավոր դաշնակիցը՝ ռուսական կողմը, պետք է հաշվի նստի հասարակության այդ հատվածի կարծիքի հետ եւ կատարի դաշնակցային, խաղաղապահի իր պարտականությունները, որոնք ստանձնել է չարաբաստիկ նոյեմբերի 9-ին: Հայաստանի հասարակությունը հիմնականում ռուսամետ կողմնորոշում ունի, իսկ այդ հատվածը կարող է նոսրանալ, եթե ռուսական կողմն իրեն չեզոք պահի եւ թույլ տա, որ ադրբեջանցիներն Արցախում հասնեն իրենց ուզածին: Հասկանալի է, որ ՌԴ-ն այսօր Ուկրաինայում պատերազմի մեջ է եւ չի ցանկանում, որ Կովկասում իր դեմ երկրորդ ճակատը բացվի, եւ դա կանխելու համար որոշ բաների վրա աչք է փակում, բայց պետք է մտածի, որ այս դեպքում Հայաստանում կարող է ընդմիշտ կորցնել իր դիրքերը: Հատկապես, երբ այդ ուղղությամբ մեծ ուժեր են աշխատում, որոնք ուզում են հայ հասարակությանը բերել արեւմտամետ դաշտ:

Հետեւանքը կարող է լինել ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից, խաղաղապահ զորքերը՝ Արցախից: Ռուսաստանը, կորցնելով հայ հասարակության վստահությունը, կկորցնի Անդրկովկասում իր վերջին դիրքերը, անկախ այն բանից, թե դա ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար: Վրաստանը վաղուց մերժել է ՌԴ-ին: Իսկ Հայաստանը ՌԴ-ի վերջին հենարանն է Անդրկովկասում… վերջին ու խարխուլ հենարանը…