Պարոն Սերժ Սարգսյան, ովքե՞ր են այդ շատ ավելի լուրջ ուժերը, որոնց դուք պարտվել եք 2018 թվականին

Դեռևս 1,5 տարի առաջ, կոմպետենտ մարդիկ բաց տեքստով հայտարարում էին, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն իրենցից թուրքական գործակալներ են ներկայացնում։ Այդ մասին ահազանգեց և՛ Ազգային Անվտանգության Ծառայության նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանն՝ իր հայտնի հարցազրույցի ընթացքում, և՛ Միքայել Մինասյանն՝ իր հեղինակային վիդեոշարքում։ Ի՞նչ արեց այս հասարակությունը, ինչպե՞ս արձագանքեց կամ հակազդեց այդ լուրերին։ Ոչ մի կերպ, բացի, թերևս, զարմանալուց, իսկ հետո՝ նաև շրջանցելուց այդ լուրը»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը։

Վերջնս հիշեցրեց նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աղմկահարույց հայտարարությունն առ այն, թե ինքը 2018 թվականին այս իշխանություններին չի պարտվել, այլ՝ շատ ավելի լուրջ ուժերի. «Թեպետ, ես համաձայն չեմ իր այս ձևակերպման հետ, այնուամենայնիվ, հիմա հարց եմ տալիս, պարոն Սարգսյանին, ասեք, խնդրեմ, ովքե՞ր են այդ շատ ավելի լուրջ ուժերը, որոնց դուք պարտվել եք 2018 թվականին։

Կներեք, պարոն Սերժ Սարգսյան, պատասխանեք հարցիս՝ դուք կապիտուլացվեք եք արտաքին ուժերի թուրքական գործակալների՞ն, որովհետև Նիկոլ Փաշինյանը կապիտուլացվել է Ադրբեջանին, հիմա էլ պատրաստվում է կապիտուլացվել նաև Թուրքիային։ Պարոն Սարգսյան, պատասխանեք ինձ, խնդրում եմ՝ ո՞րն է ձեր և կապիտուլյանտ Փաշինյանի տարբերությունը։ Ո՞ւմ եք պարտվել, պարոն Սարգսյան, գոնե խայտառակ պատերազմից հետո կոնկրետ անուններ տվեք, որովհետև դուք շատ լուրջ հայտարարություն եք արել, որ մեզ նույնքան լուրջ մտորումների տեղիք է տվել…»,- ասել է Արթուր Համբարձումյանը և հավելել՝ երբ մենք կստանանք հնչեցված վերոհիշյալ հարցերի պատասխանները, կհասկանանք նաև, թե ինչո՞ւ ենք այսօր այս իրավիճակում հայտնվել։

Այսօր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել է Բաքու, արդյոք վտանգ չկա, որ փորձելու են Ադրբեջանի միջոցով լարել իրավիճակը տարածաշրջանում, հրահրել պատերազմ՝ լրագրողի դիտարկմանն ի պատասխան Արթուր Համբարձումյանն արձագանքել է՝ հավաքական Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն և Անգլիան, Ադրբեջանին փորձում են օգտագործել որպես պլատֆորմ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ ճակատ բացելու համար.

«Այսօրինակ բոլոր գործողությունները միտված են միայն մեկ նպատակի՝ Ռուսաստանի Դաշնության ուժերը թուլացնելուն։ Այս իմաստով, բոլորովին չեմ բացառում, որ առաջիկայում այս տարածաշրջանում, Ադրբեջանի գործուն մասնակցությամբ, ռազմական գործողություններ կսկսվեն։ Ամեն ինչ մեծապես կախված է նաև այն հանգամանքից՝ ինչպե՞ս կդասավորվեն առաջիկա զարգացումները ռուս ուկրաինական ճակատում։

Չմոռանանք նաև, որ բոլորովին վերջերս Ուկրաինայից իշխանությունների բարձրագույն մակարդակով հորդորներ էին հնչում՝ ՌԴ-ի դեմ նոր ճակատներ բացել՝ օգտագործելով Վրաստանը, Աբխազիան, Օսեթիան, Արցախը։ Այս համատեքստում դիտարկումներ անելով, չենք կարող բացառել, որ մեր սահմաններին նույնպես առաջիկա մոտ ապագայում ռազմական գործողություններ կծավալվեն»,- ասել է Արթուր Համբարձումյանը։

Նկատառմանը, թե, ըստ «Flightradar24»-ի փոխանցած տեղեկությունների, այսօր Թուրքիայից դեպի Ադրբեջան ուղևորվող «Բայրաքթար»-ն անցել է Հայաստանի տարածքով՝ Արթուր Համբարձումյանն արձագանքում է՝ սա լիովին կարող է տեղի ունենալ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը թրքական շահը անշեղորեն պաշտպանող իշխանությունների շնորհիվ թափած ջանքերի, «проходной двор» է դարձել. «Եվ, քանի որ Երևանի կենտրոնում նստում են մարդիկ, ովքեր աֆիլացված են թուրքական իշխանություններին, ապա, չի բացառվում, որ մեր սահմաններին ծագած ռազմական գործողությունների ընթացքում, այդ «Բայրաքթար»-ները կարող են նույն հաջողությամբ և անարգելք սավառնեն նաև Երևանի և ողջ Հայաստանի Հանրապետության երկնքով»,- ամփոփելով զրույցն ասել է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը։