«Ամուսնուս հեռախոսը ձեռից ընկնում ա, արաբների ձայներն են լսվում, ու կապն ընդհատվում ա». սերժանտ, սակրավոր Խաչատուր Բալասանյանը զոհվել է՝ հայտնվելով շրջափակման մեջ

«Պանիխիդայի օրը փոքրս՝ Արամս (10 տարեկան) սկսեց լացել, մեծս՝ Արմանս (12 տարեկան) գրկեց Արամիս, ասեց՝ մի՛ լացի, էսօրվանից ես քեզ համար հա՛մ հայր եմ լինելու, հա՛մ եղբայր»: Արմանը հոր զոհվելուց հետո միանգամից մեծացավ՝ հուզմունքով ասում է մայրը՝ 36-ամյա Մելանյան Բեգլարյանը։

Արմանի և Արամի հայրը՝ սերժանտ, մասնագիտությամբ սակրավոր 34-ամյա Խաչատուր Բալասանյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հայտնվելով շրջափակման մեջ։

Մելանյան պատմում է, որ պատերազմը սկսվելուն պես ամուսինը մեկնել է առաջնագիծ, սակայն չի ասել, թե որտեղ է, միայն գիտեին, որ Արցախում է։

Կինն ասում է՝ ամուսնու հետ խոսում էին միայն մեկ-երկու վայրկյան։ Խաչատուրը միշտ ասել է՝ ամեն ինչ կարգին է, լավ է։ Կնոջ հետ Խաչատուրը վերջին անգամ խոսել է հենց դեպքի օրը՝ հոկտեմբերի 19-ին։ Ժամեր անց զանգել է եղբորը ու հայտնել, որ հայտնվել է շրջափակման մեջ, ընկերները բոլորը զոհվել են, ինքն էլ վիրավոր ու անօգնական է:

«Էդ պահին հասցրել ա ախպորը զանգել, ասել ա՝ Վազգե՛ն ջան, մենակ եմ մնացել, հույս չկա, որ կապրեմ, խնդրում եմ՝ երեխեքիս լավ կպահեք, մենակ չթողնեք։

Մի քանի վայրկյան անց տեգրս լսում ա կրակոցները, էդ պահին ամուսնուս հեռախոսը ձեռից ընկնում ա, արաբների ձայներն ա լսում, ու կապն ընդհատվում ա»,- պատմում է Մելանյան ու հուզմունքով նշում, որ դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է, որ ոտք գրեթե գոյություն չի ունեցել, ասկոլկաների մեջ է եղել։

«Գոնե որ ոտքերը նորմալ լինեին, գուցե հնար գտներ։ Դաժան մի բան է, նստած սպասել է, գիտակցված մահ, որ գիտես քեզ սպանելու են»։

Մելանյան ասում է՝ դեպքի օրը ամուսնու եղբայրը հայտնել է հորը, իրեն չեն ասել՝ հուսալով, որ գուցե ինչ-որ հրաշք լինի, և Խաչատուրը փրկված լինի։ Սակայն հաջորդ օրը լուրը հաստատվել է:

«Հաջորդ օրը գնացի աշխատանքի, 10 րոպե չանցած ասեցին՝ տուն արի, գործ կա… Ես ըտեղ հասկացա, որ մի բան էն չի, բղավելով դուրս եկա։ Գնացի տուն, ասում եմ՝ ի՞նչ ա եղել, բոլորը լացում են, ասում են՝ Վազգենը կգա, կասի: Բայց մինչև վերջին պահը ես ինձ հույս էի տալիս, որ կասեն` վիրավոր ա, չեն ասի՝ զոհվել ա…

Որ ասեց, արդեն ինձ կորցրած գոռում էի, մեծ տղաս փաթաթվել էր ոտքերիս՝ մա՛մ, խնդրում եմ՝ մի՛ լացի, հենց հիմա կամավոր բանակ եմ գնում պապայիս պոստ, մենակ մի՛ լացի… Փոքրս ասում էր՝ խնդրում եմ ասեք, որ սուտ ա, պապաս չի զոհվել։ Մինչև հիմա ասում եմ՝ երանի առանց թև ու ոտ բերեին, կպահեի սայլակի վրա։ Գոնե մեր կողքին կլիներ»,- կսկիծով ասում է Մելանյան։

Ամուսնու զոհվելուց հետո են միայն ընտանիքի անդամները իմացել, որ Խաչատուրը Հադրութում է կռվել հակառակորդի դեմ, որտեղ էլ հոկտեմբերի 19-ին զոհվել է։

Մելանյան ասում է՝ այդ օրվանից կյանքը մղձավանջի է վերածվել, բայց հանուն երեխաների և ամուսնու հետ ունեցած երազանքների իր մեջ ուժ է գտնում։

«Ես տեսակով ուժեղ մայր եմ, կին եմ, չեմ պատրաստվում հանձնվել։ Խաչիկը գնալուց առաջ գիտեր, որ ես ուժեղ եմ, իմ հույսին երկու տղա ա թողել, ու ես իրավունք չունեմ երեխեքին ինքնահոսի թողնեմ, երեխեքի հետ կապված էնքան երազանքներ ուներ, որ իրավունք չունեմ կիսատ թողնելու»,- ասում է 36-ամյա կինը։

Մելանյան ասում է՝ ամուսինը երազում էր, որ որդիները ծրագրավորող դառնան, և հիմա որդիները շարունակում են լավ սովորել, պարապել, որ հոր երազանքը իրականություն դարձնեն։

«Արմանը նաև գնում ա թատերական, նաև հրավեր ստացավ «Էլ Մար» կինոստուդիայից, հիմա Արմանը էնտեղ ա շարունակում սովորել, ասում ա՝ շատ կուզենամ թատրոնի գծով շարունակեմ, բայց որ պապայիս երազանքն ա ծրագրավորող դառնալ, ծրագրավորող կդառնամ, արդեն «Թումո» էլ ա գնում՝ ծրագրավորում մասնագիտացմամբ»։

Խաչատուր Բալասանյանը հոգատար հայր էր, սիրող ամուսին, շատ հայրենասեր՝ պատմում է Մելանյան։

«Որ ասում էի՝ թող տղաներս բանակում չծառայեն, ասում էր՝ տղա եմ մեծացնում»։

Խաչատուր Բալասանյանը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այնուհետև ծառայել բանակում, որից հետո ներգրավվել խաղաղապահ զորքերում։ Խաղաղապահ առաքելություն է իրականացրել մի շարք երկրներում՝ Կոսովոյում, Լիբանանում, Աֆղանստանում, Սիրիայում, վերապատրաստումներ անցել Գերմանիայում և Մոսկվայում։

Մելանյան ասում է՝ պատերազմից երեք ամիս առաջ էր ամուսինը վերադարձել Սիրիայից, տունը վերանորոգել, սակայն չհասցրեց վայելել․

«Վերադառնալուց իր քրտնաջան աշխատած գումարով տունը վերանորոգեց, էս տանն ընդամենը 10 օր ա ապրել»։

Կինը հուզմունքով շարունակում է, որ միշտ կարոտով էր սպասում ամուսնուն, քանի որ Խաչատուրն աշխատանքի բերումով հաճախ էր երկրից բացակայում, սակայն նախկինում սփոփանք ուներ, որ բացակայությունը ժամանակավոր է:

«Ես միշտ իրան կարոտ եմ մնացել, երեխեքն էլ, որովհետև ինքը հաճախ երկրից դուրս էր, մենք միշտ կարոտել ենք իրան, ուղղակի գիտեինք, որ էդ ժամանակավոր էր, իսկ հիմա հավերժ ա»,- ասում է ու կրկին հուզվում կինը։