
The Times-ը պնդում է, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Զելենսկիի հետ հանդիպումից հետո Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ և նրան Ուկրաինայի նախագահից գրություն է փոխանցել։
Բրիտանական պարբերականի տվյալներով, դրանում շարադրված են եղել պայմանները, որոնց ապահովման դեպքում Ուկրաինան կհամաձայնի դադարեցնել մարտական գործողությունները։
The Times-ի հաղորդմամբ, Պուտինը Աբրամովիչին ասել է. «Փոխանցիր նրան, որ ես կջարդեմ իրենց» (պարբերականի հոդվածում բառացիորեն գրված է «tell him i will thrash them»):
Իսկ The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին, գրում է, որ Ուկրաինա կատարած այցից և Մոսկվայի ու Կիևի միջև բանակցությունների կազմակերպմանը մասնակցելուց հետո ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մոտ ի հայտ են եկել ախտանիշներ` նման թունավորման նշաններին։
Հրատարակության տվյալներով՝ Աբրամովիչի ու Ուկրաինայից բանակցող խմբի երկու անդամների մոտ աչքերի կարմրություն, արցունքոտություն, դեմքի և ձեռքերի մաշկի թեփոտում է նկատվել։ Ներկայում նրանց վիճակը բարելավվել է, կյանքին վտանգ չի սպառնում, նշում են թերթի զրուցակիցները։
Հայտնի է նաև, տուժողներից մեկը կարող է լինել Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը։ Ինչպես գրել է «Коммерсантъ»-ը, ինքը՝ պատգամավորը, հերքել է այս տեղեկությունը՝ վստահեցնելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է։