Ամասիայում գորշ արջերը հարձակվում են մարդկանց վրա. VIDEO

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։

Հիմնախնդիրը լուրջ է, քանի որ իր մեջ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին սպառնացող, ինչպես նաև բնապահպանական կարևոր բաղադրիչներ, այդ իսկ պատճառով գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Խնդրին լուծումներ տալու նպատակով նախարարությունում պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություններ են հրավիրվում։

Տեղեկացնենք, որ վաղը ահազանգի վերաբերյալ խորհրդակցություն կհրավիրվի համայնքի ներկայացուցիչների, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հիշեցնենք, նաև, որ գորշ արջը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և կենդանուն սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։