Մոսկվան պետք է ավելի վճռական լինի Արցախում, հակառակ պարագայում կկորցնի ամեն ինչ… Գործելու ճիշտ ժամանակն է

Ուկրաինան արդեն բաց տեքստով է հայտարարում, որ հետխորհրդային տարածաշրջանում տարբեր հակամարտությունների ակտիվացումը պաշտոնական Կիևը դիտարկում է որպես Ռուսաստանի դեպ պայքարում Ուկրաինային տրամադրված օգնություն։ Եվ առաջինն այդ աջակցությունը Ուկրաինային թուրք-ադրբեջանական դաշինքն է փորձում մատուցել։

Ընդ որում, վստահ եմ, որ սա պատահական ստացված ընթացք չէ։ Ոչ։ Սա պլանավորված, ճիշտ հաշվարկված գործընթաց է, որի նպատակը Ռուսաստանի կենսական շահերի գոտի հանդիսացող տարածաշրջաններում անկայունության օջախներ ստեղծելու միջոցով Ռուսաստանի ազդեցության և կարողությունների սահմանափակումն է։

Մենք հիմա ՎՈՒԱՄ-ին երկրորդ կյանք տալու փորձի ականատեսն ենք լինում։ Վրաստանն էլ ՆԱՏՕ-ի հետ հրամանատարա-շտաբային զորավարժություններ է սկսել։ Այսինքն գործընթացը ծավալուն է և չի սահմանափակվում միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով։ Ռուսաստանում, վստահ եմ, լավ են հասկանում, թե ինչ դավեր է նյութվում իրենց հարակից տարածաշրջաններում։ Ընդ որում, դա արվում է բացահայտ լկտիությամբ։ Ադրբեջանի ՊՆ Ռուսաստանին ուղղված նախօրեի պատասխան հայտարարությունը դրա վառ ապացույցն է։ Հետևաբար Մոսկվան պետք է ավելի վճռական լինի Հարավային Կովկասում և հատկապես այդ տարածաշրջանի ամենակարևոր կենտրոնում՝ Արցախում։ Հակառակ պարագայում կկորցնի ամեն ինչ։

Հայաստանն էլ պետք է ճիշտ ընկալի տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը։ Այս իշխանություններից որևէ սպասելիք չկա. սրանք ընդգծված ռուսատյացներ են և դա ցուցադրելու ոչ մի առիթ բաց չեն թողնում։ Նույնիսկ այնտեղ, որտեղ կարելի և պետք է հստակ պահանջներ դնել Ռուսաստանի առջև ու կոնկրետ արդյունքներ ստանալ, սրանք իրենց այնպես են պահում, որ ունքի տեղը աչքն էլ են հանում։ Մոռանանք սրանց։ Հայաստան ասելով՝ ես մեր հանրության գիտակից հատվածը նկատի ունեմ։ Գործելու ճիշտ ժամանակն է։

Պետք է ցույց տալ աշխարհին և առաջին հերթին Ռուսաստանին, որ մենք գիտենք մեր արժեքը։ Մենք քաղաքական գործոն ենք, ունենք մեր հստակ դիրքորոշումը և կարող ենք ազդել Հարավային Կովկասում ուժերի բալանսի վրա։

Հրանտ Մելիք-Շահնազարյան