Նայեք ձեզ հայելու մեջ… Մահը՝ մահ է… Դուք գործ ունեք անելու, իրավունք չունեք նստեք ու սգալ. Աննա Հակոբյանի կոչը զոհված զինվորների մայրերին. VIDEO

Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի։ Օրինակ՝ որդիներին կորցնելուց հետո մեծ տարիքում հղիանալը ամոթալի է համարվում։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ելույթ ունենալով տարբեր ժամանակներում զոհված տղաների հարազատների հետ հանդիպման ժամանակ:

Աննա Հակոբյանը նշել է՝ այդ պատճառով հղիացած մայրիկներ կան, որ պարզապես խուսափում են իրենց համայնքներում փողոց դուրս գալ, քանի որ մարդիկ խեթ խեթ են նայում նաեւ խանութում առեւտուր անող հերոսածին մորը.

«Եվ շատերը իրենց համայնքի փոխարեն գնում են ավելի հեռու համայնքի խանութներից են օգտվում, որպեսզի իրենց չճանաչեն եւ հանդիմանական հայացք չնետեն առեւտուր անելու, ասել է թե կյանքի նշաններ ցույց տալու համար»:

Աննա Հակոբյանի խոսքով՝ խնամված արտաքին ունենալը մայրիկները պարտավորված են զգում բոլորի մոտ արդարացնել՝ ասելով, որ, օրինակ, երազում իր որդին է խնդրել ճերմակած մազերը քողարկել։ «Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Բայց այս ամենի մասին պետք է սկսել խոսել»,- հավելել է վարչապետի տիկինը: