
Փառուխը դեռ շարունակում է մնալ ադրբեջանցիների ձեռքում, ո՞վ է ասում, թե հետ են վերցրել մերոնք։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ասկերանի շրջանի Փառուխի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը, անդրադառնալով երեկ տարածված լուրերին, որ գյուղը հայկական կողմի ու ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ է։
Հարցին՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում Քարագլուխ բարձունքը, Միքայելյանը պատասխանեց․ «Այս կողմում իրենք են, իրենց վերահսկողության տակ է, մյուս կողմից տեղեկություն չունեմ, Խրամորթից, որ նայում ես, այս կողմում ադրբեջանցիներն են։ Այս պահին Խրամորթի կողմից ադրբեջանցիները ճանապարհ են սարքում դեպի Քարագլուխ, որ մնան այնտեղ։
Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատվում։ Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում»-,ասաց Միքայելյանը։
Իսկ Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը«Փաստինֆո»-ին հայտնեց, որ ադրբեջանցիների հետ բանակցությունները արդյունք չեն տվել, դեռ Փառուխ գյուղում են։
«Նույն վիճակն է, ոնց որ երեկ, ռուսները շարունակում են բանակցել, բայց բանակցության բան չի, չգիտենք՝ ինչ կլինի, ոչ մի բան մեզ չեն ասում»,-ասաց համայնքապետը:
Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ իրավիճակը Փառուխում հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն մարդիկ դեռևս տարհանված են:
Համայնքապետը շեշտեց, որ Քարագլուխը շատ կարևոր բարձունք է, որտեղից հակառակորդը կկարողանա իր դիտարկման ներքո պահել գյուղերը.
«Դրանից ներքև բոլորը հայկական գյուղեր են, դրանք բոլորը կկարողանան ադրբեջանցիները դիտարկել»,-ասաց Վարդան Միքայելյանը: