Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ Ադրբեջանի ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են. ԱՅՍ ԺԱՄԻ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։

Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել»։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է:

Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ:

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:

Արցախի ՊԲ-ն հայտնում է.

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։