Ռուս խաղաղապահները կտրել են ադրբեջանցիների ճանապարհը. Բանակցությունները շարունակվում են

Արցախում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահները Քարագլուխ բարձունքի մոտ կտրել են ադրբեջանցիների ճանապարհը։ Տեղի բնակիչներից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ այս պահին խաղաղապահներն իրենց տեխնիկայով կանգնած են ու ադրբեջանցիների հետ շարունակվում են բանակցությունները։

Ռուս խաղաղապահների հետ կանգնած են նաեւ հայկական զինված ուժերը։ Այս պահին որեւէ շարժ չկա ո’չ հայկական, ո’չ ադրբեջանական կողմից։

Բացի այն, որ Արցախի զինված ստորաբաժանումների համար հայտարարվել է թիվ 1 տագնապ, նաեւ կամավորական ջոկատներ են ձեւավորվել՝ ըստ անհրաժեշտության ինքնապաշտպանության դիմելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ադրբեջանցիները գրավել են Փառուխ գյուղը՝ առանց որեւէ կրակոցի, տեղի բնակիչները տարհանվել են եւ գտնվում են հարեւան գյուղում։