Հայտնի է գազի հարցով Ադրբեջանի հետ բանակցողի անունը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները:

Արցախի կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Արցախի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին», — ասված է հայտարարության մեջ։