Ողբերգական վթարներ Հայաստանում. զոհվել են 6-ամյա երեխա և հայտնի պարուհի

Մարտի 24-ին, ժամը 03։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Նիզամի-Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Գ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող հուշաքարին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն և Ա. Գ.-ն (ծնված 1996 թ․) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, Ա․ Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Ս․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 2016 թ․) հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ վերջինս ճանապարհին մահացել է։

Իսկ Shamshyan.com-ը հայտնում է, որ մարտի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել են Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն դեպի Էջմիածին ընթանալիս բախվել է Opel-ին, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ Mitsubishi-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր: