Բաքվում ցինիկաբար արձագանքել են Արցախի գազամատակարարման խնդրին… Տեսեք՝ ինչ են նրանք ասել

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի գազամատակարարման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ փորձեց միջամտել Բաքվի ներքին գործերին՝ մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հիմա նորից փորձում է դա անել՝ այլ թեմայով», — ասել է Աբդուլլաևան:

Նա նշել է, որ Հայաստանը «ապակառուցողական պահվածք է ցուցաբերում, անհիմն պնդումներ է անում»։

«Մեր խորհուրդն է Հայաստանին՝ ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, ներառյալ իր զինված ուժերի մնացորդների դուրս բերումը տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը, և չհնչեցնել անհիմն և անօրինական մեղադրանքներ», — ընդգծել է Աբդուլաևան:

Արդեն 3 օր է՝ Արցախը զրկված է գազի մատակարարումից։ Այս մասին մարտի 21-ին հաղորդագրություն էր տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։

«Հետքը» շրջել է Ստեփանակերտում, եղել քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում։