Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները

Հունվարի 31-ին մի շարք առաջնություններում փակվեց տրանսֆերային պատուհանը։ Մասնավորապես Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում և ևս մի քանի եվրոպական առաջնություններում տրանսֆերային պատուհանը փակվեց տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Տրանսֆերային պատուհանի վերջին օրը բավականին լի էր նոր գործարքներով, որոնցից կարևորագույններին կանդրադառնանք այս նյութում, գրում է armsport.am-ը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բելգիայում։ Բելգիական «Բրյուգեն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնեց Ադամյանին կես տարով վարձակալելու մասին։ Նշենք, որ բելգիական ակումբի գլխավոր մարզիչն է համարվում Ալֆրեդ Շրյոդերը, որի գլխավորությամբ Սարգիսը հանդես է եկել «Հոֆենհայմի» կազմում։

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Գլազգո Ռեյնջերս»։ Շոտլանդիական ակումբում նա հանդես կգա 16-րդ համարի ներքո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը կիսապաշտպանի տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա։ Ընթացիկ մրցաշրջանում Ռեմսին 3 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում։

«Մանչեսթեր Յունայթեդի» նիդեռլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը վարձավճարով տեղափոխվել է «Էվերտոն» մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Այդ մասին հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալլին պայմանագիր է կնքել «Էվերտոնի» հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ 25-ամյա անգլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։