Ցավալի… երկու մահ մեկ օրում

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Առաքելյանը: Հայաստանի նկարիչների միությունը, որը տարածել է հաղորդագրությունը, իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Էդուարդ Առաքելյանը ծնվել է 1950 թվականին Լենինականում։ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1966 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժին։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ 1978-1998 թվականներին դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1981 թվականից ընդգրկվել է հայ երիտասարդ նկարիչների միությունում։ «Սպիտակ վարդեր» ստեղծագործությունով 1988 թվականին Լեհաստանում մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսին։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1991 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ 1994 թվականին երկու ամսով բնակվել և ստեղծագործել է Շվեդիայում։

Ստեղծագործությունները գտնվում են Ավստրալիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Կանադայի, ԱՄՆ մասնավոր հավաքածուներում, ԽՍՀՄ և եվրոպական մի շարք թանգարաններում։

1994-1998 թվականներին ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում։

1998 թվականից բնակվում էր Նյու Յորքում։

1998 թվականին Monica Goldstroms պատկերասրահում մասնակցել է Լոնգ Այլենդի կրծքի քաղցկեղի հիմնադրամին նվիրված ցուցահանդեսին։

Աշխատանքները ներկայումս ցուցադրվում են Կալիֆորնիայի Royal Design Connection պատկերասրահում։

Կարճատև հիվանդությունից հետո, մահկանացուն է կնքել Գորիսի, Կապանի ՆԳ բաժինների, Սյունիքի մարզի դատական համակարգի երկարամյա աշխատող, փորձառու իրավաբան Իգնատ Վազգենի Բեգլարյանը:

Ծնվել է 1955թ. ապրիլի 19-ին, Գորիսի շրջանի Վաղատուր (նախկինում՝ Բայանդուր) գյուղում՝ Վազգեն և Ամալյա Բեգլարյանների ընտանիքում:

1962թ. սեպտեմբերի 1-ից Իգնատը հաճախել է Վաղատուրի ութամյա դպրոցը, որն ավարտել է 1970-ին: 1972թ. ավարտել է Խնածախի միջնակարգ դպրոցը:

1973-75թթ. ծառայել է խորհրդային բանակի զորամասերից մեկում: Ծառայության ավարտից հետո վերադարձել է Հայաստան՝ աշխատանքի ընդունվել Երևանի շինարարական կազմակերպություններից մեկում՝ բանվոր (հարկավոր էր աշխատել և թեթևացնել ծնողների հոգսը):

1977թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որը հաջողությամբ ավարտել է 1982թ.: Նույն տարում աշխատանքի է անցել Գորիսի ՆԳ բաժնում՝ անչափահասների տեսչության տեսուչ: Այդտեղ պաշտոնավարել է մինչև 1986 թվականը:

1986-ին տեղափոխվել է Կապան և աշխատանքի անցել ՆԳ բաժնի անչափահասների տեսչությունում՝ տեսուչ: Պաշտոնավարել է մինչև 1990թ., որից հետո նշանակվել Գորիսի ՆԳ բաժնի պետի տեղակալ:

Արցախյան շարժման տարիներին Իգնատ Բեգլարյանն ակտիվորեն մասնակցել է Գորիսի, Կապանի սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը, մասնակցել մարտական գործողությունների:

1991թ. ապրիլին գերեվարվել է Շուռնուխ գյուղի պաշտպանական դիրքերում՝ մարտական առաջադրանք կատարելիս: Գերությունից ազատվել է 1991թ. հունիսի 5-ին և շարունակել պաշտոնավարել Գորիսի ՆԳ բաժնում՝ պետի տեղակալ:

1998թ. Իգնատ Բեգլարյանը մասնակցել է դատավորների թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, անցել մրցույթով, ստացել դատավորի կարգավիճակ և աշխատանքի անցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր (նստավայրը՝ Գորիս): Այդտեղ աշխատել է մինչև 2008 թվականը, իսկ 2008-2020 թվականներին դատավոր էր Սիսիանի նստավայրում:

2020թ. անցել է կենսաթոշակի:

Ամուսնացած էր՝ ունի մեկ ուստր և երկու դուստր:

Վաստակաշատ իրավաբանի, հմուտ դատավորի, լավագույն մարդու հիշատակը միշտ կմնա իր ընտանիքի անդամների, գործընկերների, իրեն ճանաչող բոլոր մարդկանց սրտերում:

Անտարակույս, Իգնատ Բեգլարյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենահեղինակավոր ու անաչառ դատավորն էր, ինչի համար և մեծ հեղինակություն էր վայելում Սյունիքի մարզում և հատկապես Գորիսի տարածաշրջանում:

***

«Սյունյաց երկրի» խմբագրակազմն ափսոսանք է հայտնում Իգնատ Բեգլարյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին: